Իրանա-ադրբեջանական սահմանին գիշերը զինված միջադեպ է տեղի ունեցել, որի հետևանքով ադրբեջանցի երկու սահմանապահներ թեթև վնասվածքներ են ստացել։ ԱՊԱ-ն հայտնում է, որ տեղեկությունը տարածել է Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության մամուլի կենտրոնը։
Նշվում է, որ հուլիսի 24-ին` ժամը 03:30-ի սահմաններում, պետական սահմանապահ ծառայության «Գեյթեփե» սահմանապահ ջոկատի տարածքում նկատվել են Իրանի կողմից պետական սահմանը խախտած 2 անհայտ անձինք:
Սահմանախախտները զինված դիմադրություն են ցույց տվել սահմանապահ ծառայությանը և հակառակ ուղղությամբ դիմել փախուստի։
Զինված միջադեպի հետևանքով երկու սահմանապահ թեթև վնասվածքներ են ստացել, նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն։