Երևան-Քիշնև չվերթի շուրջ 50 ուղևորի թույլ չեն տվել մեկնել․ «FlyOne»-ը մեկնաբանել է


Երևան-Քիշնև չվերթի շուրջ 50 ուղևորի թույլ չեն տվել մեկնել․ «FlyOne»-ը մեկնաբանել է
Հուլիս 23 20:48 2024

Երևան-Քիշնև-Երևան չվերթի մի քանի տասնյակ ուղևորներ չեն կարողացել մեկնել, քանի որ օդանավի փոփոխություն է եղել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «FlyOne Armenia» ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը՝ ընդգծելով, որ օդանավի փոփոխությունը տեղի է ունեցել օպերացիոն անհրաժեշտությամբ պայմանավորված։

Ավելի վաղ լրատվամիջոցի հետ կապ էր հաստատել ժամը 15։00-ի չվերթով Երևանից Քիշնև մեկնող ուղևորներից մեկը՝ նշելով, որ իրեն և ևս շուրջ 50 ուղևորի չի թույլատրվել օդանավ բարձրանալ, և որևէ բացատրություն կամ հիմնավորում չի ներկայացվել։

«Նմանօրինակ իրավիճակների համար ավիաընկերությունն ունի հստակ քաղաքականություն, ավիաընկերության ներկայացուցիչներն օդանավակայանում բոլոր ուղևորներին ներկայացրել են բոլոր հնարավոր տարբերակները»,- նշեց Անանյանը։

Նրա խոսքով՝ ամառվա այս շրջանում նման խնդիրներ լինում են բոլոր ավիաընկերությունների հետ։ Խնդիրը զուտ գործառնական-տեխնիկական է։

«Քանի որ չվերթն իրականացնող ինքնաթիռի տարողունակությունը եղել է ավելի փոքր, քան նախորդ օդանավինը, որոշ ուղևորների առաջարկվել է չվերթի ժամկետի փոփոխություն այսօրվա՝ ավելի ուշ ժամի համար կամ հետագա՝ այլ չվերթերի»,- հավելեց նա։

Անանյանը նշեց, որ յուրաքանչյուր ուղևորի հետ անհատական աշխատանք է տարվում խնդիրը կարգավորելու համար։

Մեկնաբանելով այն հարցը, թե ինչպես է ստացվել, որ նույն ընտանիքի մի քանի անդամի թույլատրել են թռչել, մյուսներին՝ ոչ, Անանյանը նշեց՝ քանի որ տեղի է ունեցել օդանավի փոփոխություն, ուղևորների տեղաբաշխումը համակարգն ավտոմատ կերպով է իրականացրել։

Լրատվամիջոց զանգահարած ուղևորը նաև հայտնել էր, որ չմեկնած ուղևորների փոխարեն թռիչքով մեկնել են «Արարատ-Արմենիա» ակումբի ֆուտբոլիստները։ Վերջին պահին ուղևորների մի մասի տեղերում նստեցրել են մարզիկներին։

Ըստ «Զվարթնոց» օդանավակայանի չվացուցակի՝ ավիաընկերության Երևան-Քիշնև հաջորդ թռիչքը նախատեսված է 01։00-ին, ևս մեկը` հուլիսի 24-ին, կրկին 15։00-ին։