Օշականի ձորում հրազենային վնասվածք էր պատճառել համագյուղացուն. հանցագործությունը բացահայտվել է


Օշականի ձորում հրազենային վնասվածք էր պատճառել համագյուղացուն. հանցագործությունը բացահայտվել է
Հուլիս 23 18:47 2024

Հուլիսի 22-ի ուշ երեկոյան ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից Աշտարակի բաժին հաղորդում ստացվեց։ «Աշտարակ» ԲԿ-ից հայտնում էին, որ հրազենային վնասվածքով Օշականի ձորից շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոփել 60-ամյա մի օշականցու։ Նա բժիշկներին հայտնել էր, որ իր վրա կրակել է անհայտ անձը։

Աշտարակի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքնային ոստիկանները Արագածոտնի մարզային վարչության ծառայողների հետ գործեցին օպերատիվորեն։ Պարզվեց՝ Օշականի ձորում 60-ամյա տուժողը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է նույն գյուղի 55-ամյա բնակչի հետ, և վերջինս իր մոտ եղած ապօրինի որսորդական հրացանով երկու անգամ կրակել է նրա ուղղությամբ՝ պատճառելով հրազենային վնասվածք։

Ժամը 23.30-ին 55-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղ խոստովանել է արարքը։

 

Հետագա միջոցառումներով Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանները պարզել են, որ դեպքից անմիջապես հետո ձերբակալվածի որդին որսորդական հրազենը թաքցրել է իրենց տան հարակից հողամասում։ Քննչական գործողությունների արդյունքում հրացանը հայտնաբերվել և առգրավվել է։

Փաստի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 55-ամյա օշականցին ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
Կատարվում է նախաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: