Հաճախ համակարգչի առջեւ երկարատեւ աշխատելու, հոգնածության, անքուն գիշերվա կամ այլ պատճառով աչքերի տակ տհաճ մուգ շրջանակներ են առաջանում: Ինչպե՞ս ազատվել դրանցից:
Խնդիրը կարող է վերանալ, եթե վերանան դրա առաջացման պատճառները: Բայց շատերը չեն ցանկանում սպասել եւ որոշում են տնային պայմաններում ազատվել դրանցից: Բարեբախտաբար, բաղադրատոմսերը շատ են:
Կարտոֆիլով միջոցներ աչքերի տակ առաջացած մուգ շրջանակների դեմ
Աչքերի տակ առաջացած մուգ շրջանակների դեմ պայքարելու հարցում կարող է օգնել շատ հասանելի մի մթերք՝ կարտոֆիլը: Հում կարտոֆիլը շրջանաձեւ կտրատել, դնել աչքերի տակ եւ շուրջ 15-20 րոպե պահել: Կարելի է նաեւ կարտոֆիլի խյուսով դիմակ պատրաստել: Հարկավոր է հում կարտոֆիլը քերիչով անցկացնել, ստացված զանգվածից երկու թեյի գդալ խառնել մեկ թեյի գդալ ձիթապտղի ձեթի հետ (կարելի է օգտագործել նաեւ ցանկացած այլ բուսական յուղ):
Ընկույզով դիմակ աչքերի տակ առաջացած մուգ շրջանակների դեմ
Հարկավոր է ընկույզն ալյուրի վերածել, ստացված զանգվածից երկու թեյի գդալ խառնել մեկ ճաշի գդալ հալեցրած սերուցքային կարագի եւ երեք կաթիլ թարմ քամած կիտրոնի հյութի հետ: Դիմակը քսել աչքերի տակ, լվանալ 15 րոպե անց:
Մաղադանոսով թրջոց աչքերի տակ առաջացած մուգ շրջանակների դեմ
Հարկավոր է մեկ ճաշի գդալ մանր կտրատած մաղադանոսի վրա կես բաժակ եռացրած ջուր լցնել, կես ժամ թողնել, որպեսզի թրմվի, հետո բամբակե բարձիկները թաթախել դեռեւս գոլ թուրմի մեջ ու դնել աչքերի տակ: Թրջոցը թողնել կես ժամից ոչ պակաս: