«Արևմտյան Ադրբեջանի» ադրբեջանական բնակչությունն ժամանակի ընթացքում կվերադառնա իր «հայրենիք». Ալիև


«Արևմտյան Ադրբեջանի» ադրբեջանական բնակչությունն ժամանակի ընթացքում կվերադառնա իր «հայրենիք». Ալիև
Հուլիս 20 23:15 2024

Բաքվի վերահսկողության տակ անցած հայկական Շուշիում «մեդիա ֆորումում» Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համոզմունք է հայտնել, թե այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» ադրբեջանական բնակչությունն ի վերջո կվերադառնա «հայրենիք», ինչի համար բավարար է Երևանի համապատասխան քաղաքական կամքը։

«Ներկայիս Հայաստանի տարածքից վտարված ադրբեջանցիներն անպայման կվերադառնան իրենց հայրենի հողերը»,- հայտարարել է Ալիևը։

«Ես խորապես համոզված եմ, որ ադրբեջանցիների վերադարձի օրը անպայման կգա, և ապավինում ենք Հայաստանի ղեկավարության քաղաքական կամքին, նրա հռչակած ժողովրդավարությանն ու օրենքի գերակայության սկզբունքներին նրա հավատարմությանը», - ասել է Ադրբեջանի նախագահը։ Նա պնդել է, թե «Բաքվի մոտեցումը Ղարաբաղի բնակչության հայկական մասի վերաինտեգրման հարցում նման քաղաքական կամքի օրինակ է ադրբեջանական իրավական դաշտում»։

«Բնականաբար, մենք Հայաստանի կառավարությունից ակնկալում ենք ճիշտ նույն մոտեցումը, ինչ մերը։ Մենք նրանցից հստակ հայտարարություն ենք ակնկալում, թե ինչպես կարող են այսօրվա Հայաստանի տարածքից, Արևմտյան Ադրբեջանից վտարված ադրբեջանցիները կամ վտարվածների ժառանգները վերադառնալ իրենց պատմական հողերը՝ այցելել նրանց կամ ապրել այդ հողերում։ Ավելին, մեր տվյալներով՝ ադրբեջանցիներով բնակեցված գյուղերի 90 տոկոսում այժմ կյանք չկա, դրանք ուղղակի ամայի են»,- հայտարարել է Ալիևը։