Պայթյուն՝ Կապանում գտնվող, ՀՀ ՊՆ-ին պատկանող հրաձգարանում. կա զոհ


Պայթյուն՝ Կապանում գտնվող, ՀՀ ՊՆ-ին պատկանող հրաձգարանում. կա զոհ
Հուլիս 20 19:45 2024

Այսօր՝ հուլիսի 20-ին, ողբեգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարաության ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում և ոստիկանության Կապանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կապան քաղաքում գտնվող ՀՀ ՊՆ-ին պատկանող հրաձգարանում դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Սյունիքի ռազմական ոստիկանության վարչության ծառայողները՝ ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության և Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները:  

Վերջիններս սահմանազատել են տարածքը, տեղում աշխատում են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչներն ու փորձաքրեագետները:

Ոստիկաններն ու քննիչները հրաձգարանի տարածքում հայտնաբերել են տղամարդու դի:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի է ունեցել պայթյուն, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:

Դեպքի փաստով Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքներն ու մահացածի ինքնությունը:

Հնարավոր է՝ նախաձեռնված քրեական վարույթը փոխանցվի ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական վարչություն: