Ոչ թե արգելել են, այլ խնդրել. Ռոսսելխոզնադզորը` հայկական լոլիկի և խնձորի մասին


Ոչ թե արգելել են, այլ խնդրել. Ռոսսելխոզնադզորը` հայկական լոլիկի և խնձորի մասին
Հուլիս 19 20:13 2024
Ռոսսելխոզնադզորը սահմանափակումներ չի մտցրել հայկական պտուղ–բանջարեղենի համար, բայց հայկական կողմին խնդրել է դադարեցնել մի շարք արտադրողների մատակարարումները, որոնք բազմակի խախտումներ են թույլ տվել։ Այս մասին հայտնում են գերատեսչությունից` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցմանը։
 
Ավելի վաղ հայաստանյան ԶԼՄ-ներում հրապարակվել էր Ռոսսելխոզնադզորի՝ հուլիսի 4-ի նամակի լուսապատճենը, որում նշված էր, որ Ռուսաստան ներկրվող հայկական լոլիկի և խնձորի խմբաքանակներում հայտնաբերվել է պեստիցիդների մնացորդային պարունակության առավելագույն թույլատրելի մակարդակը գերազանցելու 8 դեպք, և այդ պատճառով ժամանակավորապես դադարեցվել է 16 ընկերության արտադրանքի ներմուծումը։
 
Ռոսսելխոզնադզորից հստակեցնում են, որ ավելի վաղ հայ գործընկերներին տեղեկություն են ուղարկել ևս 80 անհամապատասխանության մասին:
 
«Ռոսսելխոզնադզորը ոչ մի սահմանափակում չի մտցրել, այլ պարբերաբար բացահայտվող փաստերի առնչությամբ մտահոգություն է հայտնել` խնդրելով մինչև պատճառների հետաքննման ավարտը դադարեցնել ռուսական շուկա ապրանքների մատակարարումներն այն արտադրողներից, որոնք բազմակի խախտումներ են թույլ տվել», - ասված է հաղորդագրությունում։
 
Ռուսաստանյան գերատեսչությունն այս հարցով կապի մեջ է հայ գործընկերների հետ։ Հուլիսի 23-ին նախատեսված են բանակցություններ Ռոսսելխոզնադզորի և ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարների տեղակալների մակարդակով: Տեսչական մարմինն այսօր հայտարարել է, որ պայմանավորվել Է առցանց խորհրդատվություններ անցկացնել Ռոսսելխոզնադզորի հետ։