Որն է եղել «Դեֆանս Հաուզինգ»-ի նոր կառուցվող թաղամասում բռնկված հրդեհի պատճառը. մանրամասներ


Որն է եղել «Դեֆանս Հաուզինգ»-ի նոր կառուցվող թաղամասում բռնկված հրդեհի պատճառը. մանրամասներ
Հուլիս 18 16:55 2024

Հրդեհի բռնկման պատճառը ոչ անփութության, ոչ էլ ինչ-որ մեկի մեղավորությունն է եղել, վերևում եռակցման աշխատանքներ են տարվել և մալուխ է եղել, գուցե դրանից է բռնկվել, քամին էլ ուժեղ էր, տարածվել է հրդեհը:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Դեֆանս Հաուզինգ»-ի անվտանգության դեպարտամանետի ղեկավար Սասուն Աբաղյանն՝ անդրադառնալով երեկ «Դեֆանս Հաուզինգ»-ի նոր կառուցվող թաղամասում բռնկված հրդեհին:

Աբաղյանը նշեց, որ իրենք աշխատում են են 4 շինարարական ընկերության հետ, որից յուրաքանչյուրին 67 շենքի շրջնականերում տրված է որոշակի խմբաքանակ:

«Կոնկրետ որտեղ երեկ հրդեհը բռնկվել է «Շին վեկտորին» է  պատկանում այդ տարածքը, այն կոչվում է «Դեֆանս հաուզինգ»-ի 1-ին փուլի Ե բլոկ: Ե բլոկի մեջ կա 10 շենք, այդ շենքից մեկում է եղել: Կառուցման ժամանակ հարկը բարձրացնելուց նախ ամրանների գործն է արվում, հետո նոր հատակը:

Աշխատակիցները, որ այդ կողքի ամրանները կապել են տակից, կաղապրամածներից (աբալովկա) հրդեհ է  սկսվել: Ամենավերևի հարկը, որը 45-րդ շենքի 6-րդ կամ 7-րդ հարկն է եղել, երբ որ սկսվել է հրդեհը բետոնը պատրաստ չի եղել, դրա համար կողքերից կրակ է բռնկվել»,- մանրամասն ներկայացրեց Աբաղյանը:

Նա նշեց՝ անմիջապես զանգահարել են 101, որտեղից էլ արագ արձագանքել են:

Ճշտող հարցին՝ «Շինվեկտորի» մեղավորությո՞ւնն է եղել, նա արձագանքեց. «Ոչ մեղավորության, ոչ անճշտության, ոչ էլ անփության մասին կարող է խոսք լինել: Եռակցման աշխատանքներ են տարվել, մալուխ է եղել գուցե դա է հրդեհի բռնկման պատճառը եղել, քամին էլ ուժեղ է եղել, տարածվել է»:

Նրա խոսքով՝ պատճառների մասին խոսել հնարավոր կլինի փորձաքննության ավարտից հետո: Նա նաև նշեց, որ դեպքը տեղի է ունեցել երեկոյան ժամը 19:45-ի սահմաններում, տեսախցիկներով նայել են, տարածքում մարդ չի եղել այդ ժամերին, քամին ուժեղ էր և նպաստեց հրդեհի տարածմանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Դեֆանս Հաուզինգ»-ի նոր կառուցվող թաղամասում հրդեհ էր բռնկվել: Հրդեհը բռնկվել էր բազմաբնակարան կիսակառույց շենքի 8-րդ հարկում՝ ընդգրկելով մոտ 1000 քմ մակերես։