Երեկ Վրաստանի Հայ Համայնք կազմակերպության ներկայացուցիչ Արթուր Միրզոյանն ահազանգել էր, որ Փաշինյանի իշխանությունը զանգվածորեն խլել է Վրաստանում ՀՀ դեսպանատան կողմից ՀԱԵ Վիրահայոց թեմին տրված կարմիր պետհամարանիշները:
«Մինչ Ադրբեջանի ռեժիմը Վրաստանում գրեթե իր բոլոր աշխատողներին, սկսած դեսպանատնից, մինչև «Սոկարի» պահակներ, բաժանում է կարմիր պետհամարանիշներ, այդ նույն ժամանակ Հայաստանի իշխանությունը բացահայտ արշավ է իրականացնում Հայ Առաքելական եկեղեցու դեմ` զրկելով կարմիր համարանիշներից»,- հայտարարել էր Արթուր Միրզոյանը՝ հավելելով, որ, այդուհանդերձ, Վրաստանում հայ բիզնեսմենները շարունակում են այդ համարանիշներով վարել մեքենաներ:
Այսօր արդեն Yerkir.am-ը տեղեկացավ, որ Փաշինյանի իշխանությունը խլել է ՀԱԵ Վիրահայոց թեմի առաջնորդի, փոխառաջնորդի, Աջարիայի հոգևոր հովվի կարմիր (դիվանագիտական) պետհամարանիշները, իսկ Ախալքալաքի և Նինոծմինդայի հոգևոր հովիվներից խլել են կանաչ պետհամարանիշները:
Բնականաբար, ԱՄՆ-ից ՀՀ եկած, ՀՀ պետական բյուջեի հսկայածավալ գումարները շռայլ պարգևավճարների ու անիմաստ գործուղումների վրա վատնող, Սփյուռքի ավանդական կառույցների կազմաքանդման ուղղությամբ գործող, Սփյուռքի այս կամ այն գաղթօջախում պարբերաբար մերժվող ոմն Զարեհ Սինանյան, ով նշանակվել է ինչ-որ անհասկանալի պաշտոնի (ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար), հազիվ թե աղաղակի, թե էդ ի՞նչ եք անում, դուք չգիտե՞ք՝ Վրաստանում որքան կարևոր է, որ հայապահպան օրախնդիր հարցերով զբաղվող ՀԱԵ Վիրահայոց թեմն օգտվի դիվականագիտական համարանիշներից: Դուք չգիտե՞ք, որ առանց դրա անհնար է շատ գործեր կազմակերպել, որոնց մասին անգամ բարձրաձայնել պետք չէ: Դուք չգիտե՞ք, թե թուրք-ադրբեջանական տանդեմն ինչպես է կլանում տարածաշրջանը, և Վրաստանում որքան կարևոր է հայապահպան առաքելությունը, հայկական գործոնի ուժեղացումը, և այլն, և այլն:
Դե, իսկ Հայաստանի, հայության, տարածաշրջանում հայկական գործոնի դեմ դուրս եկած Փաշինյանի խմբակին միայն հաճույք կարող է պատճառել, որ ՀԱԵ Վիրահայոց թեմի ներկայացուցիչները ընկնեն ծանր կացության մեջ, կրեն դժվարություններ, ջախջախվի հայկական առանց այն էլ թուլացած գործոնը նաև Վրաստանում, որ այնտեղ ևս իշխի ադրբեջանական շահը:
Մնում է, որ Վրաստանում ապրող հայությունը ևս, Վիրահայոց թեմի, վիրահայոց հայապահպան կազմակերպությունների և, ինչու չէ՝ Վրաստանի՝ չափազանց կշռադատված քաղաքականություն վարող իշխանությունների ջանքերով դիմագրավեն այս դժվարություններին, սատար լինեն Մայր Աթոռին ու Հայ Առաքելական եկեղեցուն, մինչ ՀՀ-ում հաստատված թուրք-ադրբեջանական ազդեցության այս չարիքի իշխանությունը կվռնդվի պատմության աղբանոց: