Երևանում հայտնաբերվել է կասկածելի պարկ, որում եղել է աշխարհի ամենահզոր զենքերից մեկը. քաղաքացին զենքերն Արցախից է բերել (Լուսանկարներ)


Երևանում հայտնաբերվել է կասկածելի պարկ, որում եղել է աշխարհի ամենահզոր զենքերից մեկը. քաղաքացին զենքերն Արցախից է բերել (Լուսանկարներ)
Հուլիս 17 13:52 2024

Հուլիսի 16-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները հերթական զենք-զինամթերքի հայտնաբերման դեպքն են արձանագրել։ 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանության Էրեբունու բաժնում և ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի բնակիչներից մեկը, որն արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից է, այնտեղից իր հետ զենք և զինամթերք է բերել։

Էրեբունու և Նուբարաշենի ոստիկանները, ապա նրանց միացած ՀՀ ոստիկանության Էրեբունու տարածքի վետերանները բացատրական աշխատանքներ են իրականացրել քաղաքացու հետ, որը կարճ ժամանակ անց ոստիկաններին հայտնել է, որ ինքը նշված զենք-զինամթերքը թողել է Նուբարաշեն վարչական շրջանի փողոցներից մեկի ձորակում՝ ուռենիների հատվածում։

Նշված վայր են մեկնել ոստիկանության ծառայողները և քաղաքացու մատնանշած վայրում հայտնաբերել կասկածելի պարկ։

Ժամանել է նաև քննչական խումբը:

«Տեղում ոստիկաններն ու քննիչները, բացելով կասկածելի պարկը, այնտեղ հայտնաբերել են 1 միավոր Կալաշնիկովի ձեռքի գնդացիր՝ «PIK-74MC» տեսակի, նախատեսված 7,62x39մմ տրամաչափի փամփուշտ՝ կրակելու համար, ծալովի խզակոթով, 2017թ. արտադրության, գործարանային համարի, իր փամփշտակալով լիցքավորված, որի մեջ եղել են 40 հատ 7,62x39մմ տրամաչափի փամփուշտներ և 2 հատ մարտական նռնակ՝ Ֆ1 և ՌԳԴ-5 տեսակի, մեկ հատ պայթուցիչ։

Դեպքի փաստով էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ»,- գրել է կայքը:

Կայքի տեղեկություններով՝ հայտնաբերված «Կալաշնիկովի» ձեռքի գնդացիրը համարվում է աշխարհի ամենահզոր զենքերից մեկը, և ամեն քաղաքացի չէ, որ ունի հնարավորություն այն իր մոտ ունենալու։