Անմիջապես հասկացա՝ ինչ-որ բան այն չէ. Թրամփի առաջին հայտարարությունը՝ Փենսիլվանիայում կատարվածից հետո


Անմիջապես հասկացա՝ ինչ-որ բան այն չէ. Թրամփի առաջին հայտարարությունը՝ Փենսիլվանիայում կատարվածից հետո
Հուլիս 14 13:40 2024

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփն իր դեմ մահափորձից հետո հայտարարությամբ է հանդես եկել: Այն հրապարակվել է Truth Social սոցկայքում:

Նա նախ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Գաղտնի ծառայությանն ու բոլոր ուժայիններին՝ իր դեմ կատարվածին այդքան արագ արձագանքելու համար:

«Ցանկանում եմ ցավակցել հանրահավաքում զոհվածի, ինչպես նաև ծանր վիրավորված անձի ընտանիքներին: Անհավատալի է, որ մեր երկրում նման բան կարող է լինել: Սպանված կրակողի մասին որևէ բան հայտնի չէ: Ինձ կրակել են գնդակով, որը պատռել է աջ ականջիս վերին մասը: Ես անմիջապես հասկացա, որ ինչ-որ բան այն չէ, երբ լսեցի սուլոց, կրակոցներ և զգացի, որ գնդակը պատռում է մաշկս: Սկսվեց արնահոսություն, և ես գիտակցեցի՝ ինչ է կատարվում», - գրել է նախկին նախագահը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում աջակիցների հետ հանրահավաքի ժամանակ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ է իրականացվել:

Հնչել են կրակոցներ, որից հետո նա ընկել է. Գաղտնի ծառայության աշխատկիցները մարմիններով ծածկել են նախկին նախագահին: Մահափորձից հետո Թրամփը տեղափոխվել է հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում: 

Ըստ ՀԴԲ-ի՝ կրակողը՝ 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսը, չեզոքացվել է: Նրա քայլի դրդապատճառն առայժմ անհայտ է: Իրավապահ մարմինները միջադեպի հետաքննություն են սկսել:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դատապարտել է Թրամփի դեմ մահափորձը: