Շուրջ 30 տարի տարածաշրջանում կայունություն և խաղաղություն ապահովում էր Հայաստանը․ քաղաքագետ


Շուրջ 30 տարի տարածաշրջանում կայունություն և խաղաղություն ապահովում էր Հայաստանը․ քաղաքագետ
Հուլիս 8 21:33 2024

«Հարավային Կովկասում Հայաստանը մոտ 30 տարի ունեցել է կայունություն, խաղաղություն և կանխատեսելիություն բերելու հիմնական մենաշնորհը։Սրանք գործիքներ էին,որոնք անհրաժեշտ էին բոլորին»,- Սբ․ Աննա եկեղեցու բակում ընթացող հավաքի ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ խոսելով աշխարհաքաղաքական շահերի մասին։

Օրինակ, ըստ քաղաքագետի, դրանք պետք էին Ռուսաստանին։

«Հարավային Կովկասի կոնֆլիկտներն ինքնաբերաբար տարածվում էին ռուսական տարածքներ և լարվածություն էին առաջացնում հյուսիսային Կովկասում կամ հնարավորություն էին տալիս իրենց մրցակիցներին, օգտագործելով այստեղի լարվածությունը,  Ռուսաստանի համար կենսական նշանակություն ունեցող տարածքներում ինչ-որ ծրագրեր մշակել»,- ասաց Մելիք-Շահնազարյանը։

Ըստ քաղաքագետի՝  Հարավային Կովկասի կայունությունը պետք էր նաև Արևմուտքին։

«էներգակիրներ էին դուրս բերում այստեղից և ամեն ինչ անում էին, որպեսզի էժան նավթն ու գազը չհոսեն դեպի Չինաստան, որտեղ տնտեսությունը շատ զարգանում է և մրցակից է դառնում Արևմուտքին, այլ գնան Արևմուտք։  Այս կայունության համար Արևմուտքը պատրատ էր վճարել»,- ասաց նա։

Հաջորդն, ըստ քաղաքագետի, կայություն անհրաժեշտ էր նաև Իրանի Իսլամական հանրապետությանը։

«Իրանը հասկանում էր, որ ցանկացած պատերազմ, կոնֆլիկտային իրավիճակ, որը տեղի է ունենում Հարավային Կովկասում, ի վերջո բերում է այլ խաղաղացողների ներգրավմանը, որից հետո տեղի  է ունենում այն, ինչ տեսանք 44-օրյա պատերազմի ժամանակ։ Ադրբեջանի ագրեսիայի պատճառով էլ ահաբեկիչներ հայտնվեցին, էլ իսրայելական հատուկ ծառայություն և մինչև այս պահն աշխատում են Իրանի դեմ՝ Արցախի օկուպացված տարածքներից և ստեղծում խնդիրներ։ Այսինքն՝ բոլոր երկրներին անհրաժեշտ էր կայունություն և խաղաղություն, որը տարածաշրջանում ապահովում էր Հայաստանը»։