Խորհրդարանականները Տավուշում հետևել են սահմանազատված հատվածների ամրաշինական աշխատանքներին


Խորհրդարանականները Տավուշում հետևել են սահմանազատված հատվածների ամրաշինական աշխատանքներին
Հուլիս 6 11:58 2024

Հայաստանի Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները Տավուշի մարզում հետևել են սահմանազատված հատվածների ամրաշինական աշխատանքներին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։ 

Նշվում է, որ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանական գործընկերների հետ պարբերաբար այցեր է իրականացնում Հայաստանի անվտանգության համար ռազմավարական նշանակության հատվածներ:

Հուլիսի 5-ին էլ Անդրանիկ Քոչարյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունն այցելել է Տավուշի մարզի Ոսկեպար-Կիրանց հատված, որտեղ Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատումից հետո իրականացվում են ամրաշինական աշխատանքներ։ 

«Ոսկեպար-Կիրանց արդեն սահմանազատված հատվածով հստակ ամրագրվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացը մեկնարկել է, իսկ այստեղից սկսվում են անհերքելի հայկական տարածքները»,- ասված է հաղորդագրության մեջ: