Սահմանադրությունը հիմնովին փոխելու փորձերը միտված են կենսական իդեալների իսպառ դուրս մղմանը


Սահմանադրությունը հիմնովին փոխելու փորձերը միտված են կենսական իդեալների իսպառ դուրս մղմանը
Հուլիս 5 16:19 2024

Սահմանադրությունը հիմնովին փոխելու փորձերը թերևս միտված են այդ կենսական իդեալների իսպառ դուրս մղմանը: Այս մասին հայտարարություն է տարածել Սուրեն Պետրոսյանի գլխավորած «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը:

«Այսօր Սահմանադրության օրն է։

Սահմանադրությունը միայն բարձրագույն իրավական փաստաթուղթ չէ, այն  առավելապես ընկալվում է ազգային և պետական  ուղենիշերի սահմանման գաղափարական քարտեզ:

Այն հզոր պետության և պատմական հայրենիքի, առողջ և կենսունակ հասարակության իրավական հենքն է, որի երաշխավորմանը պետք է ուղղված լինեն յուրաքանչյուրիս ջանքերը:

Ցավոք, Սահմանադրության մեջ ամրագրված կենսական դրույթները և իդեալները իրական կյանքում հաճախ են ոտնահարվում, խեղաթյուրվում կամ պարզապես չեն գործում։ Իսկ վերջին տարիներին Սահմանադրությունը հիմնովին փոխելու փորձերը թերևս միտված են այդ կենսական իդեալների իսպառ դուրս մղմանը` Անկախության հռչակագրի հղումներից մինչև ազգային ինքնությանն առնչվող գաղափարներ։

Սա մեզ համար իսկապես գոյաբանական սպառնալիք է։

Այդուհանդերձ, մենք պատասխանատու ենք մեր ժամանակի համար և վստահ, որ  Հայաստանն իսկապես կհաղթահարի  ներքին և արտաքին մարտահրավերները՝ դառնալով Օրենքի և Իրավունքի երկիր, իրավական պետություն, որտեղ Մայր օրենքը կերաշխավորի սեփական տեսակի կենսունակությունն ու բնական զարգացումը: