Թոռնիկ Սարգսյանի ընտանիքը չի հավատում, որ մասունքներն իրենց որդունն են. ցանկանում են դիմել կրկնակի փորձաքննության


Թոռնիկ Սարգսյանի ընտանիքը չի հավատում, որ մասունքներն իրենց որդունն են. ցանկանում են դիմել կրկնակի փորձաքննության
Հուլիս 3 16:11 2024

Շուրջ երկու անհետ կորած համարվող 19-ամյա ժամկետային զինծառայող Թոռնիկ Սարգսյանի ընտանիքը չի հավատում, որ հայկական կողմին փոխանցված մասունքները իրենց որդունն են: Այս մասին այսօր՝ հուլիսի 3-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասացին Թոռնիկի հարազատները:

Մեզ տեղեկացրին, որ ընտանիքը ցանկանում է դիմել կրկնակի փորձաքննություն իրականացնելու համար: Թե ինչու՞ հարազատաները չեն ընդունում փորձաքննության արդյունքները, հարազատները դեռևս չեն պարզաբանում.

«Ծնողները չեն հավատում, որ դա իրենց որդին է, նրանք կարծում են, որ իրենց որդին ողջ է»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԱԾ–ն հունիսի 21-ին տեղեկացրել էր, որ Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել զոհված 2 հայ զինծառայողի դիակ–մասունքներ։ Նշվում էր, որ նրանք ենթադրաբար 2022 թվականի սեպտեմբերյան երկօրյա մարտական գործողությունների ժամանակ զոհվածներ են։ 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով գտնվելու վայրն անհայտ երկու զինծառայողների ինքնությունները պարզվել են։ Մինչև այժմ անհետ կորած էին համարվում 19-ամյա ժամկետային Թոռնիկ Սարգսյանն ու 33-ամյա պայմանագրային Շիրազ Խաչատրյանը։

Նշենք, որ Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղում տեղի կունենա 33-ամյա Շիրազ Խաչատրյանի հուղարկավորության արարողությունը:

Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։