Երևանում կասեցվել է հացի և հացաբուլկեղենի արտադրության գործունեությունը


Երևանում կասեցվել է հացի և հացաբուլկեղենի արտադրության գործունեությունը
Հուլիս 3 11:12 2024

Արամ Սարգսյան ԱՁ-ին պատկանող հացի և հացաբուլկեղենի արտադրամասում (ք. Երևան, Ռուբինյանց 5/3) իրականացված վերահսկողության ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն արձանագրել են սանիտարահիգիենիկ այնպիսի անհամապատասխանությոններ, որոնք իրավական նորմերով սննդամթերքի անվտանգությանը ներկայացվող պահանջների լուրջ խախտումներ են։

Մասնավորապես՝

- արտադրական շինությունների սանհանգույցների դռները բացվել են դեպի արտադրական շինություն, ինչպես նաև սարքավորված չեն եղել ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով,

- հատակների մակերևույթները, դռները չեն եղել հարթ, պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,

- բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր,

- սննդի կառույցը ապհովված չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով,

- աշխատասեղանները և բեռնարկղները, որոնք անմիջական շփման մեջ են գտնվում սննդամթերքի հետ, կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում,

-սարքավորումները, գործիքները և պարագաները, որոնք անմիջական շփման մեջ են գտնվել սննդամթերքի հետ, չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման,

- թափոնները տեղադրված չեն եղել առանձին մակնշված, սարքին վիճակում գտնվող և բացառապես այդ թափոնների ու աղբի հավաքման և պահպանման համար օգտագործվող փակվող տարողություններում:

Հացի և հացաբուլկեղենի արտադության արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։