Եթե պարոն Աբազյանը մոռացել է, կարող է իր հեռախոսը զննի և տեսնի՝ ես ճիշտ եմ ասում. Վահան Քերոբյանը՝ ԱԱԾ պետի՝ սուտ որակած հայտարարության մասին. «Ազատություն»


Եթե պարոն Աբազյանը մոռացել է, կարող է իր հեռախոսը զննի և տեսնի՝ ես ճիշտ եմ ասում. Վահան Քերոբյանը՝ ԱԱԾ պետի՝ սուտ որակած հայտարարության մասին. «Ազատություն»
Հուլիս 2 17:19 2024

Այն «ապացույցները», որոնց հիման վրա մեղադրանքըներկայացվել է, չեն համապատասխանում նվազագույն ստանդարտների, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը:

Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Պարոն Քերոբյան, կանե՞ք պնդում, որ Ձեր դեմ գործ են սարքել:

Քերոբյան. - Այն «ապացույցները», որոնց հիման վրա, էսպես ասենք, էս մեղադրանքը ներկայացվել է, չեն համապատասխանում նվազագույն ստանդարտների, որոնք պահանջված են թե՛ օրենսդրությամբ, թե՛ միջազգային կոնվենցիաներից: Այսինքն, ըստ էության, ելնելով չոր սահմանումից, այո:

«Ազատություն». - Բայց դա կարող է նաև նշանակել, որ ապաշնորհ քննչական համակարգ է, վատ են համադրել փաստերը և այլն: Այստեղ ավելի շատ քաղաքական պատվերի մասին է հարցը, որ հատուկ Քերոբյանին մեկուսացնելու համար գործ սարքեն:

Քերոբյան. - Այն ապացույցները, որտեղից կարող ա հանկարծ բխի, որ ամեն ինչ ավելի օրենքով է, էդ ապացույցների վրայով հպանցիկ թռչում են, էնտեղ, որտեղ որ ինչ-որ շանս կա այսպես խորանալու, էդտեղ լավ խորանում են քննիչները, դրանից երևում է, որ հիմա չեմ կարող ասել Քերոբյանի դեմ, թե ինչ, բայց էն, որ էստեղ ճշմարտությունը բացահայտելու մասին չի խոսքը, էդ շատ լավ երևում է տեսանյութերից:

«Ազատություն». - Բայց Դուք արդեն անուղղակի այս գործը կապել եք Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի՝ մի քանի դրվագներով խնդրանքները չկատարելու հետ:

Քերոբյան. - Ես ուղղակի ասել եմ, որ քանի որ ես իմ աշխատանքի ընթացքում եղել եմ սկզբունքային, հետևաբար ստացվել այնպես, որ շատ մարդկանց հետ իրականում ստեղծվել է կոնֆլիկտային իրավիճակ, չնայած ես ինքս շատ լավ կարողանում եմ մարդկանց հետ աշխատել, լեզու գտնել, բայց երբ որ, օրինակ, ստացվում է ինչ-որ իրավիճակ, երբ որ կոնկրետ հակասություն է առաջանում, օրինակ, չգիտեմ, ինչ-որ մեկին գործից հանել և տեղը դնել ուրիշ մարդ, դա իմ խղճին, ասենք, 100 տոկոսով հակասում է, և ես երբևիցե որևէ պաշտոն կամ աթոռով չեմ գնահատի ավելի շատ, քան թե իմ խղճի հետ ազնիվ լինելը:

«Ազատություն». - Բայց Ազգային անվտանգության ծառայությունը արդեն բացարձակ սուտ է որակել Ձեր այդ հայտարարությանը, որ Աբազյանն ասել է՝ սրան հանի, սրան նշանակի:

Քերոբյան. - Ես ցավում եմ դրա համար, բայց պարոն Աբազյանը կարող է իր հեռախոսը զննի և տեսնի, որ ես ճիշտ եմ ասում, եթե մոռացել է: