Հայաստանում հաջող է եղել պարեկային ծառայության ներդրումը․ ՀՀ-ում ԵՄ դեսպան


Հայաստանում հաջող է եղել պարեկային ծառայության ներդրումը․ ՀՀ-ում ԵՄ դեսպան
Հուլիս 1 12:00 2024

ԵՄ-ն եղել և շարունակում է լինել Հայաստանում բարեփոխումների իրականացման կարևոր, առանցքային գործընկերը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 1-ին, ժողովրդավարության հայկական ֆորումի սկզբում իր ողջույնի խոսքում ասաց ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։

«Մենք աջակցում ենք Հայաստանի բարեփոխումներին, կարողությունների զարգացմանը, նաեւ աշխատում ենք անկախ մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ, նաեւ արդարադատության ու ոստիկանության բարեփոխումների հարցում ենք աջակցում,  գենդերային հավասարության, ընտանեկան բռնության դեմ, երեխաների իրավունքների համար, նաեւ լրատվամիջոցների ազատության առումներով:

Հատկապես կցանկանայի նշել մեր համագործակցությունը ՆԳՆ հետ, շատ կարևոր բարեփոխումներ եք նախաձեռնել, պարոն վարչապետ: Մենք նաև աջակցում ենք անվտանգության ոլորտի ռեֆորմների հարցում: Կարծում եմ՝ հաջող է եղել պարեկային ծառայության ներդրումը։ ԵՄ-ն մոտ 76 ժամանակակից մեքենաներ է նվիրաբերել, որ ոստիկանությունը կարողանա պատշաճ կերպով իր գործառույթներն իրականացնել»,- ասաց նա։

Մարագոսը նշեց, որ ԵՄ-ն աջակցել է արդարադատութան ռեֆորմներին. «40 մլն բյուջետային աջակցություն ենք տրամադրել կառավարությանը, այս ոլորտում շարունակական աշխատանքներ են տեղի ունենում։ Դատական իշխանության արդյունավետության ուղղությամբ ենք աշխատում, ինչպես նաև առհասարակ արդարադատության հասանելիության ուղղությամբ ենք աշխատում, որը շատ կարևոր է խոցելի խմբերի համար»,- ասաց նա։

ԵՄ դեսպանի խոսքով՝ այժմ աշխատանքներ են տարվում ԵՄ և Հայաստանի միջև նոր գործընկերության օրակարգի շուրջ. «Ես, իհարկե, ակնկալում եմ, որ ժողովրդավարությունը լինելու է առաջնագծում այս համագործակցության։

Ուզում եմ նշել ՀՀ-ում ԵՄ մոնիթորինգային առաքելության դերը, որը իսկապես աջակցում է կայունության ապահովմանը սահմանին, շատ պրոֆեսիոնալ մշտադիտարկում է իրականացվում հենց այդ խոցելի տարածքներում։

Մենք նաեւ քննարկում ենք, թե ինչպես կարող ենք մոբիլիզացնել աջակցություն «խաղաղության գործիքի» շրջանակներում: Ժողովրդավարությունը հիմնական նպատակներից մեկն է, բայց նաև մի բան եմ ուզում նշել՝ մենք նաև այլ ներդրումներ ենք կատարելու դիմակայունության և զարգացման ծրագրի շրջանակներում, մասնավորապես, կապուղիների ստեղծման, ձեռնարկատիրության զարգացման ուղղությամբ, որ Հայաստանն ավելի մոտ գտնվի Եվրոպային»,- ընդգծեց նա։

Ամփոփելով խոսքը՝ Մարագոսն ասաց, որ ԵՄ-ն խրախուսում է ՀՀ-ին՝ շարունակելու իր ջանքերը համապարփակ ժողովրդավարության զարգացման ուղղությամբ ի շահ Հայաստանի բոլոր քաղաքացիների, որ ոչ ոք լուսանցքում չմնա։