Հայաստանի անվտանգության գլխավոր սպառնալիքը Փшշինյանի կառավարությունն է. Արա Աբրահամյան


Հայաստանի անվտանգության գլխավոր սպառնալիքը Փшշինյանի կառավարությունն է. Արա Աբրահամյան
Հունիս 28 18:15 2024

Ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ Ռուսաստանը չէին կարող այնպիսի հարված հասցնել Հայաստանի և հայության անվտանգությանն ու վարկանիշին, ինչպիսին իրենց հռետորաբանությամբ հասցնում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Այս հայտարարությունը տարածել է Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը, փոխանցում է «Sputnik Արմենիա»-ն։

Նա նշել է, որ Հայաստանի անվտանգության գլխավոր սպառնալիքը Փաշինյանն է ու նրա կառավարությունը։ Աբրահամյանը համոզված է` եթե գործող վարչապետը 2018 թվականին կեղծ խոստումներով և մանիպուլյատիվ տեխնոլոգիաներով իշխանության չգար, ապա այսօր Լեռնային Ղարաբաղը կմնար հայկական, ինչպես եղել է հազարամյակներ շարունակ։

«Ալիևը հանրային ձևով չէր նվաստացնի Փաշինյանին և հայ ժողովրդին, Արցախի ղեկավար կազմն ու զինծառայողներն էլ չէին պահվի Բաքվի բանտերում, Հայաստանի ինքնիշխանության, ինչպես նաև ճանաչված սահմանների մասին հարցերը քննարկման թեմա չէին լինի։ Մինչև 2018 թվականը Հայաստանը եղել է միջազգային հարաբերությունների լիարժեք սուբյեկտ, բոլորի կողմից ճանաչված և հարգված պետություն` չնայած որոշակի ներքին քաղաքական և սոցիալական խնդիրներին»,– նշել է Աբրահամյանը։

Նա տրամաբանական է համարում այն, որ Լեռնային Ղարաբաղն այսօր հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Աբրահամյանը նշել է, որ ստեղծված իրավիճակը Փաշինյանի թիմի քայլ առ քայլ գործողությունների և հայտարարությունների հետևանքն է։ ՌՀՄ նախագահը վստահ է` ՀՀ վարչապետը որոշել է զրոյացնել երկարամյա բանակցային գործընթացը։

«Արդյունքում խախտվեց Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա ստատուս քվոն, որը լիովին համապատասխանում էր Ադրբեջանի շահերին, իսկ Ալիևի կողմից ճմրթված ու մի կողմ նետված «մաքուր թուղթը» դարձավ այսօրվա կառավարության խորհրդանիշը, որը տարածքներ ու հայերի շահերն է հանձնում` ի շահ Բաքվի»,– նշել է նա:

Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին և «մաքուր էջից» սկսվող հերթական բանակցություններին, ապա Աբրահամյանն ընդգծել է` Հայաստանին բացի մեկուսացումից որևէ այլ բան չի սպասում։ Նրա խոսքով` մի քանի սերունդ դեռ պետք է լուծի դաշնակիցների հետ հարաբերությունների ցուցադրական վատթարացման ճանապարհով Հայաստանի անվտանգության համակարգին հասցված վնասը և դրանից առաջացած խնդիրը։

ՌՀՄ ղեկավարը վստահ է, որ այս ամենը տեղի չէր ունենա, եթե հայկական վերնախավը չլռեր։ Արա Աբրահամյանի կարծիքով` հենց նրանց թողտվությունն է արձակել Հայաստանի իշխանությունների ձեռքերը` թույլ տալով քայլ առ քայլ իրականացնել Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու` առաջին հերթին հենց երկրի համար կործանարար սցենարը։