Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը նվաստացրել է սեփական ժողովրդին՝ մեղադրելով Ռուսաստանին Ղարաբաղի կորստի համար. Զախարովա


Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը նվաստացրել է սեփական ժողովրդին՝ մեղադրելով Ռուսաստանին Ղարաբաղի կորստի համար. Զախարովա
Հունիս 26 16:58 2024

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նվաստացրել է իր ժողովրդին՝ Ռուսաստանին մեղադրելով Լեռնային Ղարաբաղի կորստի համար,  ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ես կարծում եմ, որ կան բաներ, որոնք ուղղակի անհնար է մեկնաբանել առանց բժշկական կրթության, գիտեք, ես հնարավորություն չունեմ այս ոլորտում կիրառել, այսպես ասած, որևէ հմտություն, բայց այլ կերպ մոտենալ հնարավոր չէ: Գլխավորն այլ է, գլխավորն այն է, որ նման գործիչները, լինելով իշխանության ներկայացուցիչներ, նվաստացնում են սեփական ժողովրդին»,- ասել է Զախարովան։

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հայտարարել է, թե Ռուսաստանն է հանձնել Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին։

«Սա է տեղի ունեցել, երբ մենք  ամբողջովին կախված էինք Ռուսաստանից։ Ռուսաստանը եկել, մեր  ձեռքից վերցրել է Լեռնային Ղարաբաղը, վերադարձրել է Ադրբեջանին, հետո հետ գնացել, սա է ամբողջ իրականությունը։ Ես պնդում եմ՝ Ռուսաստանը վերցրել է Լեռնային  Ղարաբաղը»,- նշել էր նա։