ԼՂ կարգավիճակի հարցում նշաձողի իջեցումից հետո նշաձող են բարձրացնում Պաղեստինի կարգավիճակի հարցում


ԼՂ կարգավիճակի հարցում նշաձողի իջեցումից հետո նշաձող են բարձրացնում Պաղեստինի կարգավիճակի հարցում
Հունիս 21 21:08 2024
Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ կողմից Պաղեստինի պետության ճանաչմանը․

«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում նշաձողի իջեցումից հետո այն բարձրացնել Պաղեստինի կարգավիճակի հարցում առնվազն անհասկանալի է:
 
Իմ պատկերացրած և ջատագովված բալանսավորված արտաքին քաղաքականության համատեքստում Պաղեստինի պետության ճանաչումը ժամանակավրեպ և սխալ որոշում է:
 
Այո՛, Համասի գործողությունները ժամանակին պետք է դատապարտվեին, այո’, Իսրայելի պետության կողմից Գազայում կատարվող զանգվածային սպանությունները և աղետալի իրավիճակը պետք է դատապարտվի, սակայն Պաղեստինի պետության ճանաչումը, այն տեսքով, ինչ իրականացրել են փոքրաթիվ պետություններ,
տվյալ հարցում Հայաստանի համար արտաքին քաղաքականության բալանսի էական խախտում է:
 
Բազմիցս պնդել եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է հայց ներկայացնի Արդարադատության Միջազգային Դատարան ընդդեմ Ադրբեջանի․
 
«Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիայի համապատասխան, Լեռնային Ղարաբաղում կազմակերպված և իրականացված էթնիկ զտման, ցեղասպանական գործողությունների հիմքով, այնպես ինչպես Հարավային Աֆրիկայի Հանրապետությունն է արել ընդդեմ Իսրայելի։ Թուրքիան, Եգիպտոսը միացել են հայցին և այլ երկրներ աջակցություն հայտնել: Հայաստանի իշխանությունները հրաժարվում են նման հայց ներկայացնելու ընդդեմ Ադրբեջանի, բայց Պաղեստինի պետությունը ճանաչում են:
Ի վերջո, ինչպե՞ս կարելի է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում նշաձողի իջեցումից հետո նշաձող բարձրացնել Պաղեստինի կարգավիճակի հարցում»,- գրել է Մարուքյանը։