Սահմանադրության մեջ այդպիսի կետ չկա, որը կպարտադրի ԱԺ նիստին քվորում ապահովել. Հովիկ Աղազարյանն՝ ընդդիմությանը


Սահմանադրության մեջ այդպիսի կետ չկա, որը կպարտադրի ԱԺ նիստին քվորում ապահովել. Հովիկ Աղազարյանն՝ ընդդիմությանը
Հունիս 18 16:21 2024



Սահմանադրության մեջ այդպիսի կետ չկա, որը կպարտադրի ԱԺ նիստին քվորում ապահովել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով ընդդիմության մեղադրանքներին, որ եթե Սահմանադրության համաձայն օրենքի ուժով ԱԺ նիստ է հրավիրվում, ՔՊ-ի կողմից այդ նիստը բոյկոտելը հակասահմանադրական է:

«Երբ օրենքի պահանջի համապատասխան մեր ընդդիմադիր գործընկերներն առաջարկեցին արտահերթ նիստ հրավիրել, ԱԺ խորհուրդը դա չհաստատեց, հետեւաբար օրենքի ուժով պետք է գումարվի արտահերթ նիստ:  Դա օրենքի ուժով է, բայց մյուս կողմից պատգամավորը ազատ է իր գործունեության մեջ: Մենք հաճախ Սահմանադրությունը մեկնաբանում ենք ըստ մեր նախասիրությունների, բայց դա այդպես չէ: Մենք Սահմանադրությունը չենք խախտել, ուղղակի սա քաղաքական դիրքորոշում է: Մենք գտնում ենք, որ սա ուղղակի մանիպուլյացիա է: Իրենք պետք է հասկանային, որ հնարավոր չէ, որ իշխող քաղաքական ուժից 20 հոգի միանան իրենց նախաձեռնությանը եւ կառավարության հրաժարականի ուղերձով հանդես գային»,-ասաց նա:

Աղազարյանը նկատեց, մոր այդ ուղերձ կոչվածն այնքան քննարկվեց, որ այսպես, թե այնպես, հասավ վարչապետին. «Իրենց նպատակն այն էր, որ երբ խորհրդի նիստում չընդունվեց, հունիսի 12-ին կայանալիք հանրահավաքի ժամանակ դա եւս որպես մեկ շտրիխ օգտագործեին մեր ընդդիմադիր գործընկերները, որ ասեն՝ տեսեք, ժողովուրդ ջան, անգամ անմեղ բաները չեն ընդունում, ուրեմն մի քիչ շատ եկեք ԱԺ-ի մոտ, որ մեր գրոհը Ազգային ժողովի վրա պսակվի հաջողությամբ: Այս ամենը շատ թափանցիկ ու հասկանալի է բոլորի համար»,- ընդգծեց ՔՊ-ական պատգամավորը:

 

Հիշեցնենք, որ խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները միջնորդություն էին ներկայացրել Ազգային ժողովի խորհրդին՝ մինչև հունիսի 17-ն արտահերթ նիստ գումարելու պահանջով՝ Ազգային ժողովի ուղերձը կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման մասին օրակարգով։ ՔՊ-ն դեմ է քվեարկել այդ նախաձեռնությանը և հայտարարել, որ ամսի 17-ին ևս իրենք չեն մասնակցի իրավունքի ուժով կայանալիք նիստին: Հունիսի 17-ին ՔՊՊ-ն չի մասնակցել նիստին, քվորում չի ապահովվել եւ նիստը չի կայացել: