Հույսս դնելու եմ մարդկանց գիտակցության վրա և ցույց եմ տալու այն ամենը, ինչ իրենցից ներկայացնում են իմ մրցակիցները. Ա. Սիմոնյանի «Կյանքը մեկ օրում» (լուսանկարներ)


Հույսս դնելու եմ մարդկանց գիտակցության վրա և ցույց եմ տալու այն ամենը, ինչ իրենցից ներկայացնում են իմ մրցակիցները. Ա. Սիմոնյանի «Կյանքը մեկ օրում» (լուսանկարներ)
Հունվար 29 13:54 2017

«Կյանքը մեկ օրում» նախագծի հյուրն է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, «Ելք» դաշինքի պատգամավորի թեկնածու Ալեն Սիմոնյանը, ով մետ հետ հանդիպմանը եկել էր կնոջ՝ Մարիամ Մարգարյանի և երեխաների՝ Ռոբերտի և Վիկտորիայի հետ: Սիմոնյանի կինը նշեց, որ ամուսնու հետ մտերիմ ընկերներ են, ինչը շատ է օգնում թե՛ համատեղ կյանքում, թե՛ առհասարակ: Ամուսնու մեջ Մարիամ Մարգարյանին հատկապես դուր է գալիս այն, որ նա վստահելի մարդ է: 

-Պրն. Սիմոնյա՛ն, եթե հնարավորություն ունենայիք հետ տալ ժամանակը, ի՞նչ կփոխեիք,ի՞նչն այլ կերպ կանեիք, կընդունեի՞ք քաղաքականությամբ զբաղվելու որոշումը:

-Ամեն ինչ նույնը կանեի՝ վստահ՝ անկախ նրանից, որ շատ բաներ չեմ ուզում, որ կրկնվի, բայց, կարծում եմ, ճիշտը դա է: Քաղաքականությամբ այնպես չէ, որ շատ էի ուզում զբաղվել: Քաղաքականությամբ զբաղվում եմ ստիպված, որովհետև այլընտրանքը գնալն է, իսկ ես գնալ չեմ ուզում: Իսկ եթե ուզում եմ, որոշել եմ մնալ, ուրեմն պետք է ինչ-որ բան փոխեմ, դրա համար զբաղվում եմ քաղաքականությամբ, որովհետև մնացած ամեն ինչը այլևս բավարար չէ մեր երկրում բան փոխելու համար:

-Արդեն քննարկվում են 4-րդ ընտրատարածքում իշխանության հավանական թեկնածուների՝ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբոր` Հակոբ Բեգլարյանի և ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդու՝ Դավիթ Սեդրակյանի անունները: Ինչպե՞ս եք գնահատում իշխանության հավանական թեկնածուների, այլ ոչ թե Ձեր հնարավորությունները:

-Նախ հստակեցում չկա դեռ, որովհետև հիմա էլ խոսակցություններ կան, որ Մհեր Սեդրակյանի որդին ԲՀԿ-ի ցուցակով կմասնակցի: Իրենք հույսը դնելու են իրենց ռեսուրսների վրա, թաղային հեղինակություններով փորձելու են մարդկանց ճնշել, ինչ-որ բան առաջարկել, ես հույսս դնելու եմ մարդկանց գիտակցության վրա և ցույց եմ տալու այն ամենը, ինչ իրենցից ներկայացնում են իմ մրցակիցները: Եվ կարծում եմ, որ Կենտրոն, Էրեբունի, Նորք Մարաշ և Նուբաշարաշեն թաղամասերը ճիշտ ընտրություն կկատարեն: Թե որքան ձայն կհավաքեմ, ճիշտն ասած, չգիտեմ, բայց վստահ եմ, որ մասնացկությունս իզուր չի լինի:

-Անձնապես ճանաչո՞ւմ եք Ձեր հավանական մրցակիցներին:

-Ուղղակի գիտեմ՝ ում մասին է խոսքը, բայց երբևիցե նրանց հետ նույնիսկ մի բաժակ սուրճ խմած չկամ:

-Մինչ «Ելքը» ելք է փնտրում, ձևավորվում են այլ դաշինքներ, այս փուլում իշխանություններից բացի կա՞ որևէ ուժ, ում հետ Դուք բացառում եք համագործակցություն:

-Մենք հիմա երեք կուսակցություն ենք և շատ մեծ քանակով գործընկերներ կան ու որոշումները շատ դժվար են կայացվում: Ես անձամբ բացառում եմ համագործակցությունը այն ուժերի հետ, որոնք այս կամ այն կերպ կապ ունեն Մարտի 1-ի հետ, որոնք այս կամ այն կերպ ներկայումս կամ մոտ անցյալում որևիցե բականցություններ և խոսակցություններ են ունեցել գործող իշխանության հետ: Ես անձամբ բացառում եմ, որովհետև ես երբեք չեմ կարող վստահ լինել, որ այդ խոսակցությունը նորից չի բացվի և գնալ գործընկերական հարաբերությունների պատրաստ չեմ: Դուք շատ լավ գիտեք, որ դաշինքների հետ կապված մենք մեծ վերապահում ունեինք և այդ վերապահումը ուժի մեջ է: Եվ այսօր մենք դաշինք ենք կազմել միայն մի շատ կարևոր կետի շուրջ, որ այս ուժերը, որոնք մենք հիմա անվանում ենք «Ելք» դաշինք, մոտ ապագայում դառնալու են մեկ կուսակցություն, մեկ միասնական ուժ: Ես շատ բարդ եմ պատկերացնում, թե ինչպես եմ ես մեկ ուժ դառնալու, օրինակ, ԲՀԿ անդամների հետ:

- Քաղաքականություն վերադարձած Ծառուկյանի , կամ իշխանական ճամբարից ընդդիմադիր ճամբար տեղափոխված նախկին ՊՆ Օհանյանի հետ փաստորեն, Ձեր խոսքից ենթադրում եմ, որ բացառում եք համագործակցության որևէ տեսակ:

-Անձամբ ես շատ դժվար եմ պատկերացնում:

-Նույն կերպ դժվարությամբ եք պատկերացնում Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցության հետ համագործակցություն, ըստ էության:

-Եթե ինչ-որ նմանատիպ լուծում լիներ, կարծում եմ մինչև օրս արդեն ինչ-որ բան կլիներ, որովհետև «Համախմբումը» ժամանակային առումով չէ որ ավելի շուտ է եկել քաղաքական դաշտ, քան մնացած Ձեր նշած ուժերը և այդտեղ նույնպես խոսակցությունը իր շարունակությունը չի ունեցել և դժվար էլ թե ունենա:

-2013 թ. նախագահական ընտրություններում Դուք սատարել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին և Երևանի քաղաքային ընտրություններին մասնակցել է որպես ավագանու թեկնածու «Բարև Երևան» դաշինքի ցուցակով։ Հետաքրքիր է՝ ինչո՞ւ ժամանակին չդարձաք այդ կուսակցության անդամ:

-Ես սատարել եմ նաև Լևոն Տեր-Պետրոսյանին: Խնդիրը այն է, որ ինձ համար կարևոր է, որ նախագահը ընտրված լինի, ինձ համար կարևոր է, որ պաշտոնյան վայելի մարդկանց վստահությունը: Ես պատրաստ եմ կանգնել յուրաքանչյուր մարդու կողքին, ում ժողովուրդը ձայն կտա՝ անկախ նրանից ես ձայն տվել եմ, թե չեմ տվել, անկախ նրանից ես կուսակցական եմ կամ որևիցե կապ ունեմ, թե ոչ: Նույնիսկ Սերժ Սարգսյանին եթե ընտրի ժողովուրդը, եթե այդպիսի բան լինի, ես կկանգնեմ Սերժ Սարգսյանի կողքին, բայց վստահ եմ, որ այդպիսի բան չլինի:

-Ինչպե՞ս եք գնահատում «Ժառանգության» ներկայիս քաղաքականությունը, այժմ բավականին խառը իրավիճակ է կուսակցության ներսում:

-Ես հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կվերջանա, որովհետև «Ժառանգություն» կուսակցությունում ինձ բավականին հարազատ մարդիկ ունեմ, շատ հարգանքով եմ վերաբերվում Զարուհի Փոստանջյան մարդուն և ուզում եմ, որ այնտեղ ամեն ինչ լավ լինի, բայց, միևնույն ժամանակ, հասկանում եմ, որ դա կուսակցություն է, որը իր ճանապարհն է անցել և ինչպես ժամանակին ՀԱԿ-ը վերափոխվեց, ձևափոխվեց, կարծում եմ ՝ «Ժառանգությունը» ժամանակի հրամայականով վերափոխման պրոցես է վերապրում: Հուսանք՝ ամեն ինչ լավ կլինի:

-Ո՞րն է եղել ամենակարևոր խորհուրդը, որ ստացել ու փոխանցել եք երբևէ:

-Հորիցս բազմաթիվ խորհուրդներ եմ ստացել, բայց ամենավառը տպավորվել է մեծերի նկատմամբ հարգանքը: Միգուցե մի քիչ տարօրինակ է հնչում, թվում է, թե տարրական բան է, բայց իմ կյանքի ընթացքում ես իմ չափը, ձևը, սահմանները և պահելաոճը շատ հաճախ այդ մի կանոնի շրջանակում եմ կարգավորել և դրա շնորհիվ բազմաթիվ հաղթանակներ, հաջողություններ եմ ունեցել, ինչպես նաև շատ լավ վերաբերմունք եմ ստացել իմ ավագ ընկերներից:

-Ինչո՞վ են զբաղվում Ձեր երեխաները: Ի՞նչ հետաքրութուններ ունեն, արդյոք մտածել եք, որ Ձեր որդին երբևէ կարող է շարունակել Ձեր ուղին:

-Ես չեմ ուզում, որ նա իմ ուղին շարունակի, ո՛չ: Մի ասացվածք կա, ասում են՝ ես հիմա զբաղվում եմ քաղաքականությամբ, որ իմ երեխաները զբաղվեն բժշկությամբ կամ որևէ այլ մասնագիտությամբ: Ես հիմա զբաղվում եմ քաղաքականությամբ, որ ինքը ազատ լինի ընտրել իր մասնագիտութունը: Ես մասնագիտությամբ իրավաբան եմ, բայց չեմ մտածել, որ զբաղվելու եմ քաղաքականությամբ: Ես ասացի, որ ստիպված եմ զբաղվում քաղաքականությամբ և չեմ ուզում զբաղվել քաղաքականությամբ: Ես զբաղվում եմ, որովհետև փոխելու բան կա, իսկ իրենք դեռ փոքր են, տղաս 9 տարեկան է և ինձնից մի շատ հետաքրքիր բան է ժառանգել՝ շատ սիրում է համակարգչային խաղեր, իսկ աղջիկս դեռ փոքր է, նոր բառեր է սովորում ասել:

-Ո՞րն է ամենագլխավոր հատկանիշը, որ Ձեր կնոջ մեջ կարևորում եք:

-Ինքը իմ հանցակիցն է ՝ բոլոր հարցերում:

- Ո՞րն է եղել ամենահետաքրքիր կամ անսպասելի հարցը, որ երբևէ Ձեր երեխաները, այս դեպքում Ռոբերտը, Ձեզ տվել է:

-Ամենանասպասելի ու հետաքրքիր մասը եղել է այն, երբ հարցերը չէին դադարում՝ էս ինչա՞, էս ինչա՞, էս ինչա՞, իսկ սա ինչի՞ համար ա ու այդպես անընդմեջ (ժպտում է): Հիմա արդեն շփվում ենք, ընկերություն եմ փորձում անել իր հետ:

-Ի՞նչն է Ձեզ ամենից շատ երջանկացնում և կյանքում ինչի՞ համար եք ամենից շատ շնորհակալ:

-Երջանկացնում է, որ մեծ հաշվով ինչի ուզում եմ, հասնում եմ: Ես ինձ երջանիկ մարդ եմ համարում ու ամեն ինչի համար էլ շնորհակալ եմ, նույնիսկ այն դժվար օրերի համար, որ ունեցել եմ, որովհետև դրանք էլ են ինձ ինչ-որ բան սովորեցրել:

-Հանրության շրջանում կորել է վստահությունը քաղաքական գործիչների հանդեպ՝թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական, հետաքրքիր է, երբ արդեն որոշել էիք Ձեր թեկնածությունն առաջադրել, չէ՞իք վախենում, որ գուցե չհաջողեք ինչ-որ մի բան:

-Չէ՛, չեմ վախենում: Այն, որ ես այսօր առաջադրվում եմ, դա արդեն հաջողություն է: Սա, մեծ հաշվով, իմ առաջին քայլերից մեկն է, և կարծում եմ, եթե համեմատական անցկացնենք բոլոր այն մարդկանց հետ, ովքեր առաջին քայլ են արել ու պետական աջակցութուն չեն ունեցել, ես ամենահաջողվածն եմ:

-Իշխանականների մեջ ունե՞ք ընկերներ, կա՞ն մարդիկ, ում հետ շփվում եք ու կարող եք ասել, որ ընկերներ եք:

-Շատ տարբեր մարդկանց հետ շփումներ ունեմ, բայց ընկերն այնքան անձնական ու այնքան մոտ բան է: Ես ունեմ 3-4 ընկեր, որոնցից միայն 1-2-ն են, որ քաղաքականությամբ են զբաղվում ու որոնց ես ինձ մոտ ընկեր եմ համարում, մնացածը գործընկերներ են, հարազատ մարդիկ, ուղղակի ծանոթներ, բայց իշխանական մասում, որ ասեմ մոտ ընկեր ունեմ, սուտ կլինի: Ես իշխանության մեջ մոտ ընկեր չունեմ:

-Իսկ Նիկոլ Փաշինյանի հետ ինչպիսի՞ հարաբերություններ ունեք, կա՞ մի բան, որ իրենից սովորել եք: 

-Իրեն, իր տեսակը շատ հարգում եմ: Իրենից շատ բան եմ սովորել ու շարունակում եմ սովորել և ուրախ եմ դրանով: Մարդիկ կան, հաճախ ղեկավար են անվանում, ինքը որևիցե մեկի համար ղեկավար չի էլ աշխատում լինել, ինքը ավելի շատ օրինակ է ծառայում, իր օրինակով ցույց է տալիս, թե ոնց պետք է ճիշտ լինի և մաքսիմալ ձգտում է հավասար հարաբերությունների ու հավասարաության: Իրենից շատ բան եմ սովորել ու հպարտ եմ դրանով:

-Ինչպիսի՞ն եք տեսնում Հայաստանի ապագան առաջիկա 5-6 տարիների ընթացքում:

-Դժվար: Դժվար է լինելու, անսպասելի շատ բաներ են լինելու, ցավոք սրտի: Մեր երկիրը անընդհատ ցնցումների է ենթարկվում և այդ ցնցումները շարունակվելու են, քանի դեռ կոնկրետ բան չի փոխվել: Մենք ձևացնում ենք, թե ամեն ինչ նույնն է, թե բան չի կատարվում, իրականում ամեն ինչ նորմալ է, ամեն տարի մեկ-երկու ցնցում ենք ունենում: Եվ ցավով եմ ասում, բայց կարծում եմ, որ նաև պատերազմ ենք ունեալու, ուստի նույնիսկ այսօրվա մեր գործողությունից, ապրիլի 2-ի ընտրություններից է կախված նաև, թե ևս մեկ անգամ ապրիլյան պատերազմ կլինի, թե՞ չի լինի և ինչ ձև կլինի:

-Ի՞նչ ասելիք ունեք խորհրդարանական ընտրություններին Ձեր պոտենցիալ ընտրողներին:

-Ես չեմ ուզում ինչ-որ նախընտական խոստումներ տալ, վեհ բաներ ասել, բայց պետք է ասեմ՝ իմ մեջ դաստիարակում, սերմանում եմ մի շատ կարևոր բան, որ ես մարդկանց սիրում եմ՝ անկախ նրանից այդ մարդիկ ինձ հետ համաձայն են, թե՞ համայձան չեն: Ու աշխատում եմ բոլորին հասկանալ՝ նույնիսկ այն ամենամեծ, ամենաչար հակառակորդիս, դրա համար միշտ ասում եմ՝ պատվիրանների մեջ ամենադժվարը «մի՛ սպանիրը», «մի գողացիրը » չէ, ամենադժվարը «սիրիր մերձավորիդ» պատվիրանն է, ու ես աշխատում եմ իրոք բոլորին սիրել: Անասելի դժվար է, ավելի հեշտ է մարդ սպանել կամ չսպանելու հարցը որոշվի, քան սիրել բոլորին, հասկանալ բոորին, բոլորի մեջ մի լավ բան տեսնել:

Մտքերը շարունակելով...

Իմ կյանքը… լավն է:

Մի օր ես… շատ պատմական մի բան կանեմ այս երկրի համար:

Կյանքը մեկ օրում… չի լինում:

Տարիների ընթացքում… շատ բան եմ սովորել:

Իմ օրերի մեջ… ժամերը դանդաղ են:

Կարինա Սահակյան

Տաթև Այվազյան

Հայկ Պետրոսյան