ԱՄՆ-ն դիտարկում է Հայաստանի «խնդրանքների շարքը»՝ որոշելու, թե ինչ քայլեր կարող է ձեռնարկել Վաշինգտոնը՝ աջակցելու Երևանին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Մենք դիտարկում ենք Հայաստանի մի շարք խնդրանքները՝ որոշելու, թե ավելին ինչ կարող ենք անել Հայաստանի հետ մեր աջակցությունն ու համագործակցությունն ամրապնդելու համար», - ասել է նա ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ՝ չմանրամասնելով, թե ինչ խնդրանքների մասին է խոսքը։
Միաժամանակ Բլինքենը հիշեցրել է, որ ապրիլի սկզբին Բրյուսելում կայացել է իր համատեղ հանդիպումը Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս խորհրդակցությունները, ըստ նրա, եղել են հենց այն նպատակով, որպեսզի պարզվի, թե էլ ինչ կարող են անել ԱՄՆ-ն և ԵՄ-ն «Հայաստանին աջակցելու համար»։
«Եվ մենք առաջ կգնանք մի շարք տարբեր ոլորտներում», - խոստացել է Բլինքենը, առանց որևէ կոնկրետության:
Պետքարտուղարը նաև հույս է հայտնել, որ Ադրբեջանն ու Հայաստանը կստորագրեն խաղաղության պայմանագիրը։