Չփորձեք «կեղտոտ» ոտքերով քայլել առջևում


Չփորձեք «կեղտոտ» ոտքերով քայլել առջևում
Մայիս 5 14:15 2024

Տավուշից մեկնարկած հայրենիքի փրկության երթը նոր հույսեր է առաջացրել հանրության լայն շրջանում։ Բագրատ սրբազանի գլխավորությամբ հազարավոր քաղաքացիներ երեկ Կիրանցից երթով շարժվեցին դեպի մայրաքաղաք Երևան։ Մայիսի 9–ին են այստեղ լինելու։ Թե ինչ է սպասվում այդ օրն ու հետագա օրերին ինչ զարգացումներ կլինեն, գուշակելն ու վերլուծելն այս պահին անշնորհակալ գործ կլինի։ Բայց  ակնհայտ է մեկ կարևոր հանգամանք։ Այս շարժումը էապես տարբերվում է նախորդ բոլոր շարժումներից։ Այստեղ որեւէ կուսակցական ու քաղաքական շահ չկա, իշխանության ձգտելու, հասնելու պայքար չի գնում։ Պայքարն ընդամենը սեփական հայրենիք ունենալու, սեփական հայրենիքը թշնամուն մաս– մաս չտալու մեջ է, ինչն ավելի քան ազնիվ է։ Եվ հետևաբար յուրաքանչյուր քաղաքացի իր առջև մեկ պարզ պետք է դնի, պատրաստ է դուրս գալ փողոց հայրենիք ունենալու համար, բայց սա չի նշանակում, որ նույն այդ շարժման մեջ պետք է ներգրավվեն մարդիկ, որ մինչև երեկ իշխանության գծի մեջ էին, ամբողջ թիմով  նրա հատուկ հանձնարարություններն էին իրականացնում ու անցած «լուսավոր»  ճանապարհով մութ գործարքների մեջ էին իշխանության հետ։ Այս շարժամը մասնակից չպետք է լինեն բոլոր նրանք, ովքեր 2018–ի «հեղափոխությունն» էին «պահպանում» բոլոր այն մարդկանցից, ովքեր այդ ժամանակից սկսած իրական պայքար էին տանում գործող իշխանության դեմ, բացեիբաց հայտարարում, որ գործող իշխանության վարած քաղաքականությունն առնվազն աղետաբեր է լինելու։

 

 

Առհասարակ ամեն անգամ երբ օդում թևածում է պայքարի նոր ոգի, որը դրական հույսեր ու ակնկալիքներ է առաջացնում հանրության շրջանում հայտնվում են մարդիկ, դեմքեր, որոնք իրենց քաղաքական կարերիան դեռ տարիներ առաջ են թաղել, սեփական ձեռքերով, այդ կերպ վանելով առողջ մտածող զանգվածին։ Հետևաբար այս անգամ նույն սխալները թույլ չպետք է տրվեն։ Ոգին պիտի հաղթի դուխին, իսկ հաղթանակի այդ ճանապարհին պետք է արմատախիլ անել բոլոր բացիլները, որքան էլ դրանք լինեն «լուսավոր»։

 

Գաղտնիք չէ, որ նախորդ բոլոր դեպքերում երբ ընդդիմությունը չէր հաջողում իր գործողություններում շատ հաճախ մեղադրում էր նաև հանրությանը, ասելով, թե եթե փողոց դուրս չեն գալիս, որովհետև շարժումը ղեկավարում են իրենք, նույն դեմքերով, նույն լեքսիկոնով ու հայտարարում, որ պատրաստ են մի կողմ քաշվել, որ հրապարակը դատարկ է, մյուսները կարող են այն լցնել ու առաջնորդել, ապա հիմա պարտավոր են հիշել իրենց խոսքերը ու մի կողմ քաշվել, չվնասելով այս գործընթացին։ Այս պայքարը թողեք հանգիստ, դուք ձեր պայքարը պարտվել եք, հիմա նունը անել, հանրությունը ձեզ թույլ չի տա, որքան էլ ձեր մղումներն ազնիվ են, «լուսավոր» ու բխում են «սեփական օրակարգից»։ Տիկնայք և պարոնայք ձեր գնացքը գնացել է, այլևս մի սպասեք «կանգառում», հաջորդը ուշանալու է։