Երևանում ուղևորը տաքսու վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել, ինչի հետևանքով նա հոսպիտալացվել է


Երևանում ուղևորը տաքսու վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել, ինչի հետևանքով նա հոսպիտալացվել է
Ապրիլ 25 10:59 2024

Ապրիլի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն են զանգահարել «Այրվածքաբանության և Մաշկաբանության Ազգային» կենտրոնից և հայտնել, որ Մյասնիկյան պողոտայում գործող «Ռիցար» հյուրանոցի մոտից շտապ օգնության 05 խումբը «քիմիական այրվածք գլխի, դեմքի շրջանի 1-ին աստիճանի 3 տոկոս» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիավանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։ Տեղում ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված քաղաքացին Երևանի բնակիչ 54-ամյա Արսեն Ավագյանն է, ով հայտնել է, որ ուղևորն իր դեմքին փչել է «Աերոզոլ» քիմիական նյութ:

Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 01։00-ի սահմաններում նշված հյուրանոցի մոտ ծխախոտ օգտագործելու հետ կապված վիճաբանության ժամանակ Ա. Ավագյանի կողմից շահագործվող «Reanult» մակնիշի ավտոմեքենայում  ուղևորն արցունքաբեր գազ է փչել նրա դեմքին և հեռացել: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ  ուղևորի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում  կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։