Ոսկեպարի մի հատվածի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ Արայիկ Հարությունյան


Ոսկեպարի մի հատվածի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ Արայիկ Հարությունյան
Ապրիլ 19 22:59 2024

«Քաղաքակիրթ մի հարթակ է ստեղծվում, որտեղ ձեռք բերված պայմանավորվածությունների և աշխատանքների արդյունքում մենք կունենանք հետզհետե ուրվագծվող և հստակեցվող Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահման»,-այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

 
 

Նրա խոսքով՝ ուրվագծվում են երկկողմ համաձայնությունները։

 

«Առաջին անգամ այսպիսի քաշ ունեցող փաստաթղթում մենք ֆիքսել ենք, որ Ալմա Աթիի հռչակագիրը լինելու է հիմնարար սկզբունքը։ Եվ վերապահումը, որ արված է, նրա համար է, որ կա ևս մեկ գործընթաց, դա խաղաղության պայմանագրի գործընթացն է, որն ավելի վեր է, քան երկու հանձնաժողովների միջև արձանագրությունները և հետագայում ընդունվելիք կանոնակարգը։ Այս պահին սեղանի վրա որպես սկզբունք դրված է Ալմա Աթիի հռչակագիրը։ Ես ուզում եմ ասել, որ մենք այս ուղղությամբ շատ երկար ենք աշխատել։ Մենք երկար ժամանակ սա պահում էինք օրակարգում»,-ասաց նա։

 

Հարությունյանն ընդգծեց՝ Հայաստանն ունի Էսկլավ Ադրբեջանի տարածքում՝ Արծվաշենը և բոլոր օրենքներով դա ֆիքսված է, որպես Հայաստանի ինքնիշխան տարածք և կան իրավական ուժ ունեցող փաստաթղթեր, որոնք արձանագրում են, որ Արծվաշենը Հայաստանի ինքնիշխան տարածքն է։

 

Սահմանազատումից հետո 4 գյուղերի հատվածում Զինված ուժերը հետ են քաշվելու՝ տեղը զիջելով սահմնապահ զորքերին։ Արայիկ Հարությունյանն անդրադարձավ, թե ինչ ժամկետներում է դա տեղի ունենալու։

 

«Դրանք տեղի կունենան ողջամիտ ժամկետներում և՛ հանձնաժողովները, և՛ այլ գերատեսչություններ միմյանց հետ համաձայնության կգան այս հարցում և ողջամիտ ժամկետում այդ տեղակայումը տեղի կունենա և իհարկե նաև զուգահեռ պետք է քննարկվի անվտանգային տարբեր հարցեր, որոնք պետք է լուծեն հարակից շրջանների անվտանգային հարցերը»,-նշեց Հարությունյանը։

 

Նրա խոսքով` ճանապարհ զիջելու հարց չկա. «Կա մի փոքր հատված, որը Կիրանցի մոտ է, մի քանի հարյուր մետր, որը ռիելեֆային առումով հեշտ հատված է և մեր մասնագետները մի քանի ամսում այդ հատվածի հարցը կլուծեն, բացի այդ՝ մենք այնտեղ ունենք ևս մեկ այլընտրանքային ճանապարհ, որը կվերանորոգվի կամ գուցե կվերակառուցի, դա Կիրանց-Աճարկուտ-Իջևան ճանապարհն է։ Ոսկեպարի ճանապարհը խնդիր չի ունենա և ըստ էության բոլոր այն մտահոգությունները, որոնք ոսկեպարցիները բարձրացրել էին վարչապետի հետ հանդիպման ժամանակ, այդ հարցերի վերաբերյալ մեր իշխանությունը և վարչապետը ականջալուր են եղել և այդ հատվածի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ»։