Նորվեգիայի հյուսիսային շրջանը ցանկանում է 26-ժամյա օր սահմանել


Նորվեգիայի հյուսիսային շրջանը ցանկանում է 26-ժամյա օր սահմանել
Ապրիլ 11 23:47 2024

Նորվեգիայի արկտիկական շրջանում գտնվող Վադսո քաղաքը դիմել է Եվրահանձնաժողովին՝ խնդրելով թույլ տալ սահմանել 24-ի փոխարեն օրական 26 ժամով ժամային գոտի, գրում է Politico թերթը։

Համապատասխան նամակը գրել է Վադսոյի քաղաքապետ Վենչե Պեդերսենը։ Politico-ի փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովը հաստատել է, որ իրենք իսկապես ստացել են նման հարցում։

«Տարածաշրջանը խնդրում է ԵՄ գործադիր մարմնին հանձնարարել Նորվեգիայի իշխանություններին հավանություն տալ 24-ժամյա օրվա փոխարեն  26-ժամյա ժամային գոտու ստեղծմանը», - ասվում է հրապարակման մեջ:

Ըստ Պեդերսենի, այս քայլի նպատակն է ավելացնել ընտանիքի հետ անցկացրած ժամանակը, ինչպես նաև նոր բնակիչներին տարածաշրջան ներգրավել: Սակայն նա չգիտի, թե գործնականում ինչպես կաշխատի անցումը 26-ժամյա աշխատանքային օրվան։

«Մենք իրականում չենք մտածել այդ մասին... Չեմ կարծում, որ նրանք այո կասեն, ուստի մենք չենք մտածել բոլոր մանրամասների մասին», - ասել է քաղաքապետը:

Երկարացնելով օրվա տևողությունը՝ Պեդերսենը հույս ունի, որ ավելի շատ մարդիկ կոգեշնչվեն տեղափոխվել հեռավոր տարածաշրջան, գրում է Politico-ն։

Եվրահանձնաժողովի ներկայացուցչի խոսքով՝ ժամային գոտիները հենց երկրների գործն են, ուստի դժվար թե ԵՄ-ն կարողանա բավարարել Նորվեգիայի տարածաշրջանի խնդրանքը։ Հրատարակությունը նաև հիշեցնում է, որ Նորվեգիան ԵՄ անդամ չէ, սակայն երկիրը Եվրոպական տնտեսական տարածքի  մաս է կազմում։