Ահաբեկչությունից տուժածները դիմել են Ռուսաստանի քննչական կոմիտե՝ պահանջելով քրեական գործ հարուցել «Կրոկուս Սիթի Հոլլի» ադրբեջանցի սեփականատերերի նկատմամբ


Ահաբեկչությունից տուժածները դիմել են Ռուսաստանի քննչական կոմիտե՝ պահանջելով քրեական գործ հարուցել «Կրոկուս Սիթի Հոլլի» ադրբեջանցի սեփականատերերի նկատմամբ
Ապրիլ 2 17:09 2024

«Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչությունից տուժածները դիմել են ՌԴ ՔԿ՝ պահանջելով քրեական գործ հարուցել համալիրի սեփականատերերի նկատմամբ, քանի որ շենքը պատշաճ կերպով ապահովված չի եղել հրդեհային անվտանգության համակարգերով։

Ինչպես հայտնել է տուժածների շահերի պաշտպան Իգոր Տրունովը,  տուժածների անունից հայտարարությունն ինքն անձամբ ՌԴ ՔԿ նախագահ Ալեքսանդր Բաստրիկինին է փոխանցել։ Ահաբեկչությունից տուժածներն ու նրանց հարազատները քննչական կոմիտեից պահանջում են հանցագործության փաստով քրեական գործ հարուցել «Կրոկուս Սիթի Հոլլի» սեփականատերերի նկատմամբ՝ ՌԴ Քրեական օրենսդրության 238-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ծառայությունների մատուցում՝  չհամապատասխանող անվտանգության պահանջներին, ինչի հետևանքով մահացել է 144 մարդ, 551-ը՝ տուժել։

Փաստաբանը հայտնել է, որ ՔԿ-ին ուղղված պահանջներից է նաև անհրաժեշտ ստուգումներ իրականացնելը՝ արդյոք պատշաճ շահագործվե՞լ են շենքի հրդեհաշիջման և ծխահեռացման համակարգերը, պատշաճ կերպով իրականացվե՞լ է արդյոք մարդկանց տարհանումը հրդեհվող շենքից, ինչու՞ են վթարային մի շարք ելքեր փակ եղել։

Հայտարարությունում տուժածներն ու փաստաբանն ընդգծում են՝ օրենքի համաձայն՝ հրդեհային անվտանգության պահանջների խախտման առաջին պատասխանատուները շենքի սեփականատերերն են, քանի որ հենց սեփականատերն է հրդեհային անվտանգության ու դրա արդիականացման համար ֆինանսական ներդրումներ անելու մասին որոշում կայացնում։

Փաստաբանը ահաբեկչությունից տուժած  11 անձանց անունից է հայցադիմում ներկայացրել Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահին։  

Նշենք, որ «Կրոկուս Սիթի Հոլլի» սեփականատերը «Crocus International»-ի նախագահ Արազ Ագալարովն է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դստեր՝ Լեյլա Ալիևայի նախկին ամուսնու հայրը