Բրազիլիայի ամազոնյան անտառներում որսորդները սպանել են աշխարհի ամենամեծ օձին՝ Անա Ջուլիա մականունով:
15 հոգուց բաղկացած միջազգային կենսաբանների թիմը Հյուսիսային կանաչ անակոնդային հայտնաբերել էր փետրվարին և համոզված էր, որ սա նոր տեսակ է, քանի որ դրա ԴՆԹ-ն 5,5 տոկոսով տարբերվում էր մյուս անակոնդաների ԴՆԹ-ից:
Ինչպես գրում է Daily Mail-ը, 8 մ երկարությամբ օձի մարմինը հայտնաբերվել է Բրազիլիայի Մատո Գրոսո դո Սուլ նահանգում՝ Ֆորմոսո գետում:
Հոլանդացի հետազոտողը, որն օգնել էր հայտնաբերել օձին, պատմել է, որ ինքը «տխուր և զայրացած է» լուրը լսելուց հետո և անակոնդային սպանողներին «հիվանդ» է անվանել:
Կենսաբան, պրոֆեսոր Ֆրիկ Վոնկը կիսվել է այս լուրով Instagram-ում. «Սրտումս մեծ ցավով ուզում եմ տեղեկացնել, որ հզոր մեծ անակոնդային, որի հետ ես լողացել եմ, սատկած են գտել գետում։ Տարբեր աղբյուրներից ես լսել եմ, որ նրան կրակել են որսորդները, թեև սատկելու պատճառի մասին պաշտոնական հաստատում դեռևս չկա։ Ես այնքան տխուր եմ և միևնույն ժամանակ այնքան զայրացած։ Ինչքա՞ն հիվանդ պետք է լինես, որ նման բան անես այսքան գեղեցիկ և յուրահատուկ կենդանու հետ։ Որքանով մենք գիտենք, նա գերառողջ էր և կարող էր շատ սերունդներ ունենալ գալիք տարիներին։ Քանի որ այս վիթխարի օձերից քիչ են մնացել, կենսաբազմազանությանը հասցված հարվածը հսկայական է»: