Նախագահ Վահագն Խաչատուրյանն Էրբիլում այցելել է Աինկավայի հայկական եկեղեցի: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
Իրաքի Հայոց թեմի առաջնորդ Օշական եպիսկոպոս Գուլգուլյանի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել եկեղեցում և ծաղկեպսակ զետեղել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի մոտ։
Եկեղեցին կառուցվել է Իրաքյան Քուրդիստանի իշխանությունների աջակցությամբ: Երկրի իշխանությունները պետական ուղղակի հոգածության տակ են պահում շուրջ հարյուր քրիստոնեական եկեղեցիներ և սրբավայրեր՝ իրականացնելով դրանց պահպանության և վերակառուցման ամբողջական կամ մասնակի ֆինանսավորումը՝ այդ թվում նաև անվճար տարածքների հատկացումը:Իրաքի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Էրբիլի և հարակից շրջանների հայկական համայնքի և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում նախագահն անմիջական մթնոլորտում մանրամասներ է ներկայացրել Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական, տնտեսական և հասարակական կյանքի ընդհանուր իրավիճակի և զարգացումների վերաբերյալ, զրուցել է միջոցառման մասնակիցների հետ և պատասխանել նրանց հուզող հարցերին։










