Սկսում ենք գործողությունների շարք, որի նպատակը երկրում ազգային իշխանություն ձևավորելն է․ «Հայաքվե»


Սկսում ենք գործողությունների շարք, որի նպատակը երկրում ազգային իշխանություն ձևավորելն է․ «Հայաքվե»
Մարտ 1 10:57 2024

 «Հայաքվե» նախաձեռնության համաժողովը ի մի էր բերել տարբեր հանրային գործիչների և կազմակերպությունների՝ քննարկելու Հայաստանի Հանրապետության առջև ծառացած արդի մարտահրավերները, վերհանելու Անկախության հռչակագիրը՝ որպես մեր իրավա-քաղաքական համակարգի հենք և նաև արդի մարտահրավերներին արձագանքելու բանալի, ինչպես նաև ներկայացնելու նրա հիման վրա ազգային պետություն կառուցելու հայեցակարգային մոտեցումները։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրում է «Հայաքվեի» օրենսդրական նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը՝ նշելով, որ սկսում են գործողությունների շարք, որի նպատակը երկրում նոր, ազգային իշխանություն ձևավորելն է․

«Մենք հստակ գիտակցում ենք, որ այստեղ պետք է ի մի գան մեր ազգի լավագույն մտավորական ռեսուրսները և առաջնորդական կարողությունները, և հնարավոր ամենը կանենք լայն հանրային համախմբում ապահովելու համար, դրա օրինակը նաև այս համաժողովի բանախոսների և հրավիրյալների կազմն էր։

Համաժողովը երեկ լայն լուսաբանում ստացավ լրատվամիջոցներում, նրա նյութերը կներկայացնենք նաև "Հայաքվե"-ի մեր էջում, մինչ այդ ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել համաժողովի կազմակերպչական թիմին, բոլոր բանախոսներին, լրատվամիջոցների ներկայացուցիչներին և բոլոր մասնակիցներին՝ այս կարևոր նախաձեռնության հաջող մեկնարկի համար»,- գրել է նա։