Պռոշյանում բնակվող անձին, չորս որդիներին, նրանցից մեկի կնոջը հարվածներ են հասցրել, հափշտակել ոսկե վզնոցներ ու խաչ


Պռոշյանում բնակվող անձին, չորս որդիներին, նրանցից մեկի կնոջը հարվածներ են հասցրել, հափշտակել ոսկե վզնոցներ ու խաչ
Փետրվար 20 13:18 2024

Ավարտվել է Պռոշյան գյուղում բռնություն գործադրելով ավազակություն, մի խումբ անձանց կողմից համագյուղացիների նկատմամբ ֆիզիկական ներգործություն կատարելու և վերջիններիս առողջությանը վնաս պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

ՔԿ-ից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններով պարզվել են դեպքի էական մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ տուժողների, որոնցից մեկն անչափահաս է, և ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը. վերջիններիս գործողություններին տրվել են համարժեք իրավական գնահատականներ:

Նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 2023 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Պռոշյան համայնքի թվով 7 բնակիչներն այլ անձանց հետ, ավտոմեքենաներով, խմբի կազմում, մարմնական վնասվածք պատճառելու նպատակով, այցելել են նշված համայնքում վարձակալությամբ բնակվող անձի տուն, որտեղ, խմբի կազմում, լրացնելով մեկը մյուսի գործողությունները, ձեռքերով և ոտքերով, ինչպես նաև քննությամբ չպարզված առարկաների գործադրմամբ, հարվածներ են հասցրել վերջինիս և նրա  չորս որդիների, ինչպես նաև՝ վերջիններիցս մեկի կնոջ մարմնի տարբեր հատվածներին՝ նրանց պատճառելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Այնուհետև, առերևույթ հանցագործություն կատարած անձանցից երկուսը, բռնության գործադրմամբ, քաշել-պոկելու եղանակով, հափշտակել են տուժողներից մեկին պատկանող ոսկյա վզնոցը, ինչպես նաև՝ տուժողներից մեկի կնոջը պատկանող ոսկյա վզնոցը և ոսկյա խաչը:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից երկուսին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (3 դրվագ), 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով և 252-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքներ կատարելու համար:

Եվս հինգ անձի մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (3 դրվագ), 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով:

Որպես խափանման միջոց մեղադրյալներից մեկի նկատմամբ ընտրվել է տնային կալանք, մեկի նկատմամբ՝ վարչական հսկողություն, մյուս հինգի նկատմամբ՝ բացակայելու արգելք:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, յոթ անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան: