ՀՀ կառավարչի որոշումն Արցախը ճանաչելու Ադրբեջանի մաս կապ չունի հայ ժողովրդի կարծիքի հետ․ Շարմազանով


ՀՀ կառավարչի որոշումն Արցախը ճանաչելու Ադրբեջանի մաս կապ չունի հայ ժողովրդի կարծիքի հետ․ Շարմազանով
Փետրվար 16 18:03 2024

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի խոսքը «Եդինայա Ռոսիայյի»  կազմակերպած միջազգային համաժողովում։

«Հարգելի գործընկերներ,

Ազգերի ազատությունը՝ բազմաբեւեռ աշխարհի հիմնական սկզբունքն է, իսկ ազգերի ինքմորոշման իրավունքը՝ միջազգային իրավունքի ամենահիմնարար սկզբունքներից։

1991-ին, առաջնորդվելով այդ սկզբունքով, Արցախի ժողովուրդը հռչակեց իր անկախությունը՝ իրականացնելով հանրաքվե։ Այնուհետեւ միջազգային հանրությունը ձևավորեց հայտնի երեք սկզբունքները. ուժի չկիրառում, տարածքայն ամբողջականություն, ազգերի ինքնորոշման իրավունք։ Այդ սկզբունքներն էին ներառված եւ Մադրիդյան, եւ Կազանյան փաստաթղթերում։

Ավելին.2009-2013թթ. ՌԴ, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահներն ամրագրեցին այդ սկզբունքներն իրենց ստորագրություններով։ Չնայած այդ հանգամանքին՝ Ադրբեջանը 2020-ի աշնանն ու 2023-ի սեպտեմբերին օկուպացիին պատերազմ սկսեց Արցախի դեմ՝ հայաթափելով այն։ Դա տեղի ունեցավ միջազգային  դերակատարների անգործության ու Հայաստանի կառավարիչների չմիջամտելու պայմաններում։

Ակնհայտ է, որ Արցախի հայաթափումը տեղի ունեցավ արեւմտյան հարթակներում Հայաստանի կառավարչի կողմից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո։/ 2022 -ի հոկտեմբերի 6,Պրահա/:

Հարկ է նշել,որ ոչ Արցախի եւ ոչ էլ Հայաստանի քաղաքացիները նրան այդ իրավունքը չէին տվել։

Հայ ժողովուրդն Արցախը չի ճանաչել Ադրբեջանի մաս. Հայաստանի կառավարչի որոշումը կապ չունի հայ ժողովրդի հավաքական կարծիքի հետ»։