Համաձայն չենք Հրվ. Կովկասում խնդիրները լուծելու պատրվակով օտարների ներկայությանը, ինչն ավելի մեծ խնդիր կդառնա տարածաշրջանի համար. Ռաիսին՝ Մհեր Գրիգորյանին


Համաձայն չենք Հրվ. Կովկասում խնդիրները լուծելու պատրվակով օտարների ներկայությանը, ինչն ավելի մեծ խնդիր կդառնա տարածաշրջանի համար. Ռաիսին՝ Մհեր Գրիգորյանին
Փետրվար 15 16:27 2024

Հայաստանի փոխվարչապետ, ՀՀ-Իրան  տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ, հայտնում է president.ir կայքը:

«Մենք աջակցում ենք Թեհրանի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք իրականացմանը», - ասել է Ռաիսին։

Ռաիսին Գրիգորյանի և նրան ուղեկցող պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պատմական են, բարեկամական և կառուցողական:

Անդրադառնալով Հարավային Կովկասի խնդիրներին՝ նա նշել է Իսլամական Հանրապետության ջանքերը կայունության և անվտանգության պահպանման ուղղությամբ։

Իրանի նախագահն այնուհետև ողջունել և իր աջակցությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին՝ ընդգծելով Իրանի Իսլամական Հանրապետության կամքն ու պատրաստակամությունը՝ երաշխավորելու կովկասյան տարածաշրջանի ռազմավարական անվտանգությունը և այդ հարցում Թեհրանի կարմիր գծերը։

«Մենք համաձայն չենք խնդիրներ լուծելու պատրվակով օտարների ներկայությանը տարածաշրջանում, և կարծում ենք, որ նրանց ներկայությունը ոչ միայն չի լուծի խնդիրը, այլ ավելի մեծ խնդիր կդառնա տարածաշրջանի ազգերի և կառավարությունների համար», - ասել է Իրանի նախագահը։

Հայաստանի փոխվարչապետն իր հերթին ասել է, որ ՀՀ կառավարության և ժողովրդի համար արժեքավոր և կարևոր է Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանն Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությունը։ Նա ընդգծել է Հայաստանի կառավարության շահագրգռվածությունն ու կամքը՝ զարգացնելու տնտեսական և առևտրային հարաբերությունները Իրանի Իսլամական Հանրապետության հետ, հատկապես էներգետիկայի և տարանցման ոլորտներում։