Կարեն Անդրեասյանի և ներգրավված անձանց գործողությունները ենթակա են քրեաիրավական գնահատման․ ՀՀ դատավորների միություն


Կարեն Անդրեասյանի և ներգրավված անձանց գործողությունները ենթակա են քրեաիրավական գնահատման․ ՀՀ դատավորների միություն
Փետրվար 12 16:42 2024

ՀՀ դատավորների միությունը հայտնել է․

«Դեռևս 2024 թվականի հունվարի 12-ին Հանրային հեռուստաընկերության եթերում Կարեն Անդրեասյանը հայտարարել է, որ ԲԴԽ-ին սպասարկող ու փաստացի իր ենթակայության ու ազդեցության տակ գտնվող Դատական դեպարտամենտին հանձնարարել է («Ես իմ գործընկերներին խնդրել եմ հինգ ամենահայտնի, հարցված գործերով պատրաստել տեսանյութ(…)»)[1] դատավորների վարույթում գտնվող, իր դասակարգմամբ՝ հայտնի ու իրենից «հարցված» կոնկրետ հինգ ընթացիկ  քրեական գործերով պատրաստեն տեսանյութ և դրանց հիման վրա «վեր հանեն իրավապահ մարմինների և դատավորների շրջանում մեղավորներին, ու դրանց հիման վրա դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու առիթներ ստեղծեն»:

 

Նույն հաղորդման ընթացքում հրապարակային հորդոր է ուղղել կարգապահական վարույթ հարուցող մարմիններին` ֆինանսական ու մտերիմ գործընկերոջ ղեկավարած նախարարությանը ու Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովին ստեղծվելիք տեսանյութերի հիման վրա հարուցել վարույթներ ու դիմել ԲԴԽ, իսկ չանելու դեպքում՝ հանրությանը, լրագրողներին առաջարկել է իբր հանրային հաշվետվություն պահանջել ստեղծվելիք հիմնավոր նյութի կապակցությամբ վարույթ չնախաձեռնելու պատճառների մասին:

Այնուհետև` մինչև 2024 թվականի փետրվարի 10-ը, իբր դեպարտամենտի աշխատակիցների անունից «(…) գործերի տապալման մեղավորներ. բացահայտումներ դատական իշխանությունից» վերտառմամբ տեսանյութ է պատրաստվել Կարեն Անդրեասյանի ավելի վաղ նշած հենց հինգ գործերի ցանկով ինչը հրապարակվել է պաշտոնական կայքերում:

 

Հանձնարարականի կատարումը` տեսանյութի պատրաստումը իրականացվել է պետական ռեսուրսների հաշվին, Կարեն Անդրեասյանից «հարցված» կոնկրետ նույն` հինգ գործերով պրակտիկայի ուսումնասիրություն ու մշտադիտարկում իրականացնելու իրենց վերագրած լիազորության վկայակոչմամբ, որի ընթացքում դեռևս վերջնական դատական ակտ չկայացրած կամ կայացրածների դեպքում ուժի մեջ չմտած գործերով հավաքագրել են որոշակի տեղեկություններ:

Ավելին` դատավորներին ու այլ անձանց և վերջիններիս գործողություններին տրվել են գնահատականներ, վիրավորական մեկնաբանություններ ու բնորոշումներ, մասնավորապես` իբր դատական վիճակագրության (դատական վիճակագրության տեսության և պրակտիկայում հայտնի որևէ մեթոդիկայի կանոններին հակասող եղանակներով) կամ մաթեմատիկական, տոկոսային հավշարկների հիման վրա տարբեր  գործերով «մեղավոր» կամ «անմեղ» են ճանաչվել առանձին դատավորներ, պաշտոնատար անձինք, ովքեր չեն կայացրել «ճիշտ» դատավարական որոշումներ, հակառակը կայացնողների աշխատանքը գնահատվել է որպես «որակյալ», կամ դատավորների ու այլ պաշտոնատար անձանց գործողությունները կամ կոնկրետ իրենց տեսակետով անհրաժեշտ գործողությունների չիրականացումը` «թերացում», դատավճիռ կայացված գործով դատախազի բողոքի առկայությունն ու դրա հետագա քննությունը փաստացի գնահատել որպես պետության դեռևս չստացված եկամուտի ձգձգում և այլն, իսկ Կարեն Անդրեասյանը հերթական անգամ ներկայացվել է որպես ԲԴԽ նախորդ նախագահներին «գերազանցող» կամ մյուսների համեմատ առավելություն ունեցող ԲԴԽ նախագահ, ում պաշտոնավարման ընթացքում գործերի քննությունն արագացել է:[2]

Տեսանյութի լայն շրջանակների հասանելիությունն ապահովվելու համար այն տեղադրվել է Բարձրագույն դատական խորհրդի` «Facebook», «Telegram», «Instagram», «Tiktok», «Youtube»  սոցիալական կայեքերում նաև վճարովի գովազդի ֆունկցիայի միացմամբ, իսկ տեսանյութում, ինչպես նաև դրա` սոցիալական կայքերի պաշտոնական էջերում տեղադրված հղումների ներքո` դեպարտամենտի աշխատակիցների մեկնաբանություններում վերահաստատվել են Կարեն Անդրեասյանի նախկինում հնչեցրած հորդորը, կոչը` իրականացնելու կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթաց իրենց ստեղծած տեսանյութի առնչությամբ, իսկ Արդարադատության նախարարն ու տեղակալները իրենց հերթին հավանության են արժանացրել նշված նյութը:

Այսինքն` դատավորների անկախությունը երաշխավորող ու նրանց նկատմամբ կարգապահական վարույթներ քննելու լիազորությամբ օժտված պաշտոնատար անձի ենթակայության տակ գտնվող ֆինանսական և մարդկային ռեսուրսների օգտագործմամբ նրա ցուցումով պատրաստված ու հրապարակված «(…) գործերի տապալման մեղավորներ. դատական իշխանությունից բացահայտումներ»  վերատառմամբ նյութով դատավորների` իրենց վարույթում գտնվող ընթացիկ գործերի, դատավարական գործողությունների վերաբերյալ գնահատականների զետեղմամբ, հրապարակային դիրքորոշումներով` ինչպես նաև դրանց հիման վրա վարույթներ նախաձեռնելու կոչեր հնչեցնելով, միջամտություն է իրականացվել քրեական գործերով տվյալ պահին և հետագայում այլ պաշտոնատար անձանց` դատավորների (նույն գործը տվյալ ատյանում շարունակող և/կամ վերաքննության կամ վճռաբեկության կարգով քննող) կողմից այդ գործերով արդարադատության իրականացմանը:

Ընդ որում ընթացիկ քրեական գործերի մասին պաշտոնական մարմնի հայտնած դիրքորոշումները, որոնցով դրանք բնորոշվել են կամ դասակարգվել որպես տապալված, որակյալ, ձախողված, և այլն, ցույց է տրվել հեղինակների դիրքորոշումն այդ կապակցությամբ, ինչը ոչ միայն կարող է ուղղորդող լինել դատավորների համար` հակառակ դիրքորոշում դրսևորելու դեպքում պատասխանատվության ենթարկվելու սպառնալիքի ազդեցությամբ, այլև դատավորներին մեղավոր ու անմեղ դասակարգելով կասկածի տակ է դրվել նշված դատավորների անաչառությունը ու կոմպետենտությունը դատավարության մասնակիցների` թե՛ մեղադրանքի և թե՛ պաշտպանության կողմի ու հանրության առջև:

Բացի այդ գտնում ենք, որ պաշտոնատար անձանց, դատավարության մասնակիցներին և դատական իշխանությանը` արդարադատություն իրականացնող դատարաններին, հրապարակայնորեն պաշտոնապես` հեղինակազրկող, քննադատական  գործողությունների կամ անգործության կատարում վերագրելով ու մեղավոր ու անմեղ համարելով, ԲԴԽ-ին և վերջինիս աշխատակազմ դատական դեպարտամենտին, այլ պաշտոնատար անձանց, դատավարության մասնակիցների, դատարանների, պետության և հասարակության օրինական շահերին պատճառվել է վնաս:

Վերոգրյալն առնվազն հաստատվում է հիշատակված նյութերով,  որը հասանելի է ԲԴԽ-ի պաշտոնական և Կարեն Անդրեասյանի անձնական Facebook սոցիալական կայքեջերում, ինչպես նաև Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության «Լուրեր» -ի «Youtube»-ի կայքեջում վերջինիս հարցազրույցի բովանդակությունից («Լուրերին»  տրված հարցազրույցը՝ ի տարբերություն մյուս լրատվամիջոցներին նույն ժամանակահատվածում տված հարցազրույցների, Կարեն Անդրեասյանի անհատական էջից բացակայում է):

Գտնում ենք, որ Կարեն Անդրեասյանի և նշված գործընթացում ներգրավված անձանց  գործողությունները ենթակա են քրեաիրավական գնահատման, և հրավիրում ենք նաև միջազգային գործընկերների ուշադրությունը, որի կապակցությամբ սույն հայտարարությունը կուղարկվի նաև վերջիններիս:

Հ.Գ. Կարեն Անդրեասյանի գործունեության և դատական իշխանության ու պետության շահերին պատճառված վնասների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը կհրապարակվի հետագայում»: