Արարատ Միրզոյանն ու Միջազգային ճգնաժամային խմբի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ


Արարատ Միրզոյանն ու Միջազգային ճգնաժամային խմբի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ
Դեկտեմբեր 18 23:29 2023

Դեկտեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Կոմֆորտ Էրոյին, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

«Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ: 

Նախարար Միրզոյանն անդրադարձել է Հարավային Կովկասում կայունության ու տևական խաղաղության հաստատման, հարևանների հետ հարաբերությունների կարգավորման հարցում ՀՀ մոտեցումներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներին: Արարատ Միրզոյանն ընդգծել է ՀՀ դիրքորոշման հիմքում դրված հիմնարար սկզբունքները՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, ԽՍՀՄ ամենավերջին քարտեզների հիման վրա սահմանազատման գործընթացի ապահովման և ինքնիշխանության ու իրավազորության ներքո, հավասարության, փոխադարձության սկզբունքներով տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման վերաբերյալ: 

Մտքեր են փոխանակվել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման հետևանքով ստեղծված իրավիճակի, այդ թվում՝ ԼՂ 100 հազարից ավելի բռնի տեղահանված հայ բնակչության կարիքների և իրավունքների հասցեագրմանն առնչվող հարցերի, ինչպես նաև Հարավային Կովկասի կայունությամբ հետաքրքրված միջազգային գործընկերների հետ փոխգործակցության կարևորության շուրջ»,- նշված է հաղորդագրության մեջ: