2023 -ի սեպտեմբերին Երևանում վաճառվել է 612 բնակարան, 1 քմ-ի համար գներ հասել են մինչև 1 մլն 100 հազար դրամի


2023 -ի սեպտեմբերին Երևանում վաճառվել է 612 բնակարան, 1 քմ-ի համար գներ հասել են մինչև 1 մլն 100 հազար դրամի
Նոյեմբեր 22 20:43 2023

2023 թ-ի սեպտեմբերին Հայաստանում կատարվել է անշարժ գույքի 17 հազար 253 գործարք, որից միայն 3 807 -ն են առուվաճառքի։ ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ սեպտեմբերին կատարված առուվաճառքի գործարքները նվազել են՝ թե 2023-ի օգոստոսի, թե 2022 թ-ի սեպտեմբերի համեմատ։

Մասնավորապես, այս տարվա օգոստոսին իրականացվել է 4 448 գործարք, իսկ 2022-ի սեպտեմբերին՝ 4 106։

Գործարքների մեծ մասը՝ 1 006-ն իրականացվել են Երևանում, նախորդ՝ տարվա սեպտեմբերին այս ցուցանիշը եղել է 1 384։ Գնորդների շրջանում բավական բարձր է պահանջարկը նաև Կոտայքի մարզում գտնվող անշարժ գույքի նկատմամբ, այստեղ սեպտեմբերին իրականացվել է 816 գործարք։

Նշենք նաև, որ սեպտեմբերին իրականացված գործարքներից 1 041-ը վերաբերել են բազմաբնակարան շենքերի բնակարաններին, 644-ը՝ անհատական բնակելի տներին, 1 690-ը՝ հողատարածքներին։

Հատկանշական է, որ Երևանում գրանցվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների 612 առուվաճառքի գործարք։ Ընդ որում՝ բնակարանների 1 քմ-ի գները տատանվել են միջինում 860 հազար-ից մինչև 218 հազար դրամի սահմաններում, ընդ որում՝ 2022 թ-ի սեպտեմբերին այս ցուցանիշը 750 հազար դրամ էր։

Նշենք, որ մասնավորապես Կենտրոն վարչական շրջանում՝ սեպտեմբերին 1 քմ-ի շուկայական միջին գինը՝ կախված գոտիներից՝ տատանվել է 540. 500 հազար դրամից մինչև 1 մլն 100 հազար դրամի սահմաններում։ Ընդ որում՝ 2022 թ-ի նույն ամսում այս համայնքում բնակարանների գները տատանվել են 468 000 դրամից մինչև 950 000 դրամի սահմաններում։

Արաբկիր համայնքում բազմաբնակարանների գները այս տարվա սեպտեմբերին տատանվել են 460 000 ՝ 620 000 դրամի սահմաններում, Քանաքեռ Զեյթունում՝ 358 հազարից 440. 000-ի դրամի սահմաններում։ Նոր Նորքում բնակարան կարելի է ձեռք բերել 1 քմ-ի համար, ըստ գոտիների, վճարելով 322 500-ից մինչև 408 700 դրամ։

Ավանում՝ գները տատանվել են 300 .000- 418 000 դրամի, Էրեբունիում՝ 315.000 – 405.500 դրամի, Շենգավիթում՝ 300.000- 399.000, Դավթաշենում՝ 430 500-ից՝ 450 000, Աջափնյակում՝ 290 000-ից՝ 410 000, Մալաթիա Սեբաստիայում՝ 328. 000- 552. 600, Նուբարաշենում՝ 208.500 – 228.000 դրամի սահմաններում։