Աշտարակի դպրոցներից մեկի նկուղում սունկ են աճեցրել ու վաճառել․ օգտագործել են դպրոցի հոսանքն ու ջուրը


Աշտարակի դպրոցներից մեկի նկուղում սունկ են աճեցրել ու վաճառել․ օգտագործել են դպրոցի հոսանքն ու ջուրը
Նոյեմբեր 21 18:25 2023

Ոստիկանության Աշտարակի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքում ստացվել էին տվյալներ, որ Աշտարակ քաղաքի դպրոցներից մեկի նկուղում աճեցնում են սունկ ու վաճառում:

Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց:

Նոյեմբերի 17-ին կատարված ստուգմամբ պարզվեց, որ դպրոցի տնօրենի գիտությամբ և թույլտվությամբ նրա որդին ձևափոխել և օգտագործել է դպրոցի գործող ուսումնական մասնաշենքի նկուղը` հարմարեցնելով սնկի աճեցման:

Տեղադրվել է մետաղական յոթ հարթակ, որոնցից երեքին ամրացվել են սնկի հումքի 76 պարկեր, հատուկ պայմաններ ապահովելու համար նկուղում տեղադրվել են օդորակիչներ, անցկացվել է ջրամատակարարման ցանց:

Այս վերջինների համար ապօրինի օգտագործվել են դպրոցի էլեկտրաէներգիան ու ջուրը` էական վնաս պատճառելով պետությանը:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: