Տարին դեռ չի ավարտվել. վստահեցնում եմ, որ այն թվերը, որ հնչեցին այստեղից, այս պահին ակտուալ չեն. փոփոխություններ կան տոկոսային առումով: Եթե չեմ սխալվում, այս պահին 65 տոկոս կատարողականի մասին է խոսքը, և վստահեցնում եմ, որ տարվա ավարտին ընդառաջ պրոցեսները շարունակվում են, և մեծ մասամբ հարցերը կախված են լինում նաև շինարարների կատարողականները ներկայացնելուց: Այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի այն դիտարկմանը, թե 9 ամսվա մեջ 2023 թվականի պաշտպանության ոլորտի կապիտալ ծախսերի կատարումն իրականացվել է 55 տոկոսով, ինչը պատգամավորը որակել էր որպես վատ խնայողություն:
«Տվյալ պարագայում ճտերը կհաշվենք դեկտեմբերի 24-ին, և վստահեցնում եմ, որ հաճելի անակնկալ կսպասի պարոն Մանուկյանին, որովհետև վստահ եմ, որ նա ուզում է, որ այդ ծախսերն իրացվեն և նպատակային իրացվեն»,- ասաց Պապիկյանը:
Խոսելով զինվորական համազգեստի փոփոխության մասին՝ նախարարն ասաց. «Այս տարի մենք նախաձեռնել ենք հագուստի փոփոխություն, բայց դա լոկ մի հագուստի գույնը մյուսով փոփոխելու նախաձեռնություն չէ, դա բովանդակային փոփոխություն է նաև, և հաշվի առնելով այդ հանգամանքը, որ դա պետք է հանրության կարծիքն արտահայտի, որովհետև, իմ կարծիքով, զինվորականի հագուստը պետք է որակապես լինի շատ բարձր, հարմարավետ և համապատասխանի ներկա միջազգային չափորոշիչներին իր բոլոր բաղադրիչներով: Եվ այդ իսկ նպատակով մենք բաց մրցույթ ենք հայտարարել՝ նպատակ ունենալով ներգրավել Հայաստանում առկա բոլոր մասնագետներին, որոնք կարող են ներկայացնել իրենց պատկերացումները բոլոր համազգեստների մասին՝ սկսած դաշտային համազգեստից, որովհետև զինվորական հագուստ ասելիս մենք ակամայից դաշտային համազգեստն ենք պատկերացնում որպես զինվորի հիմնական հագուստ, բայց այն ունի բազում բաղադրիչներ»:
Նրա խոսքով՝ ամեն ինչ արվում է, որ 2024 թվականին մեր բանակն ունենա ձևի և բովանդակության մեջ նոր համազգեստ. «Վստահ եմ, որ դա հասցնելու ենք»,- ասաց Սուրեն Պապիկյանը:










