Ավտովթար Արմավիր քաղաքում. տուժածներից մեկը 11 տարեկան է


Ավտովթար Արմավիր քաղաքում. տուժածներից մեկը 11 տարեկան է
Հոկտեմբեր 20 15:32 2023

ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով 3 մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը ՃՏՊ–ի մասին ահազանգը ստացել է ժամը 13:05-ին։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Արարատյան և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում բախվել են «GAZ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Վ. Մ.) և «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Հ., ծնված 1979 թ․): Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Հ. Ե.-ն (ծնված 1990 թ․) և Ս. Հ.-ն (ծնված 2012 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել բժշկական կենտրոն, որտեղ վարորդը և ուղևոր Հ․ Ե.-ն ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել, իսկ Ս․ Հ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: