Մեր օրակարգում ԼՂ հայաթափումը չկար․ դա մեր պլանների մեջ չէր մտնում․ Փաշինյան


Մեր օրակարգում ԼՂ հայաթափումը չկար․ դա մեր պլանների մեջ չէր մտնում․ Փաշինյան
Հոկտեմբեր 12 12:02 2023

Մենք ի սկզբանե ԼՂ-ի հայաթափման պլան չենք ունեցել, որովհետև ԼՂ հայաթափումը մեր պլանների ու քաղաքական ցանկությունների մեջ չկար, օրակարգում չի եղել։ Ինչ արվել, արվել է ժամերի ու օրերի ընթացքում։ Այդ մասին Կառավարության նիստի ընթացքում ասաց Նիկոլ Փաշիյանը։

Եթե ԼՂ մեր հայրենակիցներն իրենց տները վերադառնալու հնարավորություն չունենան, մեր քաղաքականությունն այն է լինելու, որ բոլոր բռնի տեղահանվածները մնան ՀՀ-ում։ Ուզում ենք, որ բոլորը մնան, ապրեն, աշխատեն այստեղ։ Ամեն օր ստանում եմ տվյալները, թե ԼՂ-ից ՀՀ եկած քանի մարդ է դուրս եկել երկրից։ Այս պահի դրությամբ նրանց թիվը 2500 է»,-նշեց Փաշինյանը։

Ընդունելով, որ պետության կողմից տեղահանվածներին ցուցաբերվող աջակցությունը բավարար չէ, Փաշինյանը կամավորներին հորդորեց շարունակել ակտիվ լինել և օգնել պետական համարակարգին այդ հարցում։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էլ նշեց, որ Արցախից բռնի տեղահանվածներից 52 600 հոգու քարտային հաշիվներին արդեն կատարվել են միանվագ 100 հազարական դրամ փոխանցումները։

«13 500 հոգու վճարումներ էլ վաղը կարվեն։ Եկող շաբաթվա ավարտին 85 -90 հազար թվին մոտ կլինենք, այսինքն՝ այդքան շահառու ստացած կլինի գումարը»,-ասաց Խաչատրյանը՝ նկատելով, որ 14-15 հազար մարդ դեռ քարտային հաշիվներ չեն բացել։
Փաշինյանն էլ խորհուրդ տվեց քարտային հաշիվ չբացած մարդկանց հետ կապ հաստատել ու պարզել, թե որն է դիմում չներկայացնելու պատճառը։