«Արցախում ամիսներ տեւած բլոկադայից հետո հայերը դարձան էթնիկ զտման զոհ. դեռ կան գերեվարվածներ ու անհետ կորածներ». Քիմ Քարդաշյան


«Արցախում ամիսներ տեւած բլոկադայից հետո հայերը դարձան էթնիկ զտման զոհ. դեռ կան գերեվարվածներ ու անհետ կորածներ». Քիմ Քարդաշյան
Հոկտեմբեր 12 10:18 2023

Քիմ Քարդաշյանը դիմել է իր հրեա ընկերներին, ովքեր դժվարին ժամանակներ են ապրում, նշելով՝ «դուք մենակ չեք»: Instagram-ում տեղադրած իր հրապարակման մեջ աշխարհահռչակ հայուհին նշել է, որ իր սիրտը ցավում է՝ տեսնելով ահաբեկված եւ սպանված երեխաների եւ ընտանիքների տեսանյութերը:

«Դաժան ահաբեկչությունը խլել է անմեղ կյանքեր, եւ հիմա թե՛ Իսրայելի, թե՛ Պաղեստինի քաղաքացիները տառապում են՝ վճարելով ամենաթանկ գինը», - գրել է Քիմը՝ հավելելով, որ որպես հայուհի՝ հատկապես զգայուն է նման թեմաների հանդեպ:

«Ես տարիներով խոսել եմ Հայոց ցեղասպանության մասին, իսկ հիմա, ամիսներ տեւած բլոկադայից հետո, որին եղավ մինիմալ մեդիա անդրադարձ եւ ոչ մի աջակցություն, Արցախում հայերը դարձան էթնիկ զտման զոհ: Այս պահին նրանք եւս ապրում են մարդկային ծայրահեղ աղետ, եւ դեռ կան գերեվարվածներ ու անհետ կորածներ», - շեշտել է Քարդաշյանը: Նա նաեւ ավելացրել է՝ կապ չունի՝ ում կողմից եք, «մեր սրտերում միշտ պետք է կարեկցանք լինի անմեղ զոհերի նկատմամբ»:

Քարդաշյանը կոչ է արել գործել այսօր.«Այն, ինչ մենք կարող ենք անել, պարզապես, մեր ընկերներին, գործընկերներին հասնելն է, բոլոր նրանց, ովքեր տառապում են: Աղոթենք եւ միշտ խաղաղ լինենք»: