Տիգրան Ավինյանը քաղաքապետ ընտրվեց «Դոգի» ու «Հանրապետության» շնորհիվ


Տիգրան Ավինյանը քաղաքապետ ընտրվեց «Դոգի» ու «Հանրապետության» շնորհիվ
Հոկտեմբեր 10 11:50 2023

Երևանի ավագանու անդրանիկ նիստում 32 կողմ, 5 դեմ ձայների հարաբերակցությամբ Տիգրան Ավինյանն ընտրվեց քաղաքապետ։

Քվեարկությանը մասնակցել է ավագանու 37 անդամ, բոլոր քվեաթերթիկները վավեր են
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածուն քաղաքապետի միակ գրանցված թեկնածուն էր։

Նրա թեկնածությանը կողմ են քվեարկել «ՔՊ»-ի ու «Հանրապետություն» կուսակցության ավագանու անդամները։«Հանրային ձայնը» իր ներկայությամբ ապահովեց, որ ավագանին քվորում ունենա։


Հիշեցնենք, որ նիստին մասնակցում են «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» և «Հանրային ձայն» խմբակցությունների 37 անդամները:


Բացակայում են Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստանը» և Հայկ Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթացը», որոնք հայտարարել էին, որ չեն մասնակցելու ավագանու առաջին նիստին, որպեսզի քվորում չապահովվի, ավագանին ցրվի և լինեն նոր ընտրություններ:

Հիշեցնենք, որ ավագանու այս նիստի օրակարգում է նաև հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների առաջադրման և ավագանու հերթական նիստի գումարման օրվա սահմանման հարցերը։
Սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների տվյալներով նորընտիր ավագանու մանդատները բաշխվել են հետևյալ կերպ․

«Քաղաքացիական պայմանագիր» - 24 մանդատ
«Ազգային առաջընթաց» - 14 մանդատ
«Մայր Հայաստան» - 12 մանդատ
«Հանրապետություն» - 8 մանդատ
«Հանրային ձայն»- 7 մանդատ։