«Մեռան արյուն թափելու մասին խոսելով»․ Ալեն Սիմոնյանը՝ ՔՊ երթին մեծաքանակ ոստիկանական ուժեր ներգրավելու մասին


«Մեռան արյուն թափելու մասին խոսելով»․ Ալեն Սիմոնյանը՝ ՔՊ երթին մեծաքանակ ոստիկանական ուժեր ներգրավելու մասին
Սեպտեմբեր 15 21:02 2023

Չգիտեմ՝ ինչու են մեծ թվով ոստիկանական ուժեր այստեղ, ենթադրում եմ, որպեսզի կարգուկանոն ապահովեն: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Էրեբունի թանգարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու են ՔՊ-ի երթին ընդառաջ մեծ թվով ոստիկանական ուժեր բերվել:

«Ժամն այնպիսին է, որ շատ մարդիկ վերադառնում են աշխատանքից եւ խցանումներ են: Ենթադրում եմ, որպեսզի մեր երթը կարողանան համակարգել»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ գուցե դա պայմանավորված է նրանով, որ երթին մասնակցում է նաեւ Նիկոլ Փաշինյանը, նա արձագանքեց. «Նիկոլ Փաշինյանը արդար ընտրություններով ընտրված Հայաստանի վարչապետն է եւ գլխավոր հրամանատարը, կարծում եմ՝ հարցը ինքնին սխալ ենթատեքստ ունի»:

Հարցին՝ իշխանությունը վախեր չունի՞, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Գիտեք ինչ, սադրանքներ, արտաքին թշնամու կողմից որեւիցե քայլ չենք բացառում, մենք այնպիսի բաներ ենք տեսել մեր պատմության ընթացքում, որ ո՞նց կարելի է որեւէ բան բացառել: Առավելեւս, որ ողջ իշխանությունը մի տեղում է գտնվում: Կարեւոր է, որ անվտանգությունը ապահովված լինի: Ներսում էլ կարող է ինչ-որ թշնամի լինի, որը հնարավոր է ինչ-որ բան փորձի անել: Մեռան արյուն թափելու մասին խոսելով: Մեր ընդդիմադիր գործընկերներն ԱԺ-ում արյուն թափելուց են խոսում, հիմա եկել հարցնում եք՝ էսքան ոստիկան խի՞ է եկել: Հլը գնացեք իրոենց հարցրեք՝ այդ ի՞նչ արյան մասին են խոսում»: