Խփում են Երեւանի սրտին եւ անցնում են Հայաստանը տապալելու իրենց դավադիր ծրագրին. Կոնջորյանը՝ ընդդիմության մասին


Խփում են Երեւանի սրտին եւ անցնում են Հայաստանը տապալելու իրենց դավադիր ծրագրին. Կոնջորյանը՝ ընդդիմության մասին
Սեպտեմբեր 15 20:54 2023

Հայաստանի ընդդիմադիր ուժերը հռչակում են Հայաստանի կազմալուծման ճանապարհային քարտեզ, որն ունի պարզ քայլերի հաջորդականություն: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Երեւանի քաղաքապետարանի դիմաց ՔՊ-ի հանրահավաքի ժամանակ իր ելույթում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

«Քայլ առաջին. Վերցնում են Երեւանը, ընդհուպ արյամբ: Քայլ երկրորդ, վերցնում են Հայաստանը եւ դրա համար էն գլխից հայտարարում են ՀՀ-ի պետականության գոյությունը կասկածի տակ դնելու նպատակահարմարության մասին: Ի՞նչ ունեն երեւանցիները այս ծրագրի հետ կապված: Այդ ուժերին բոլորդ հիանալի ճանաչում եք, նրանք հիմա հանդես են գալիս տարբեր դեմքերով, ոմանք գաղտնի, ոմանք բացահայտ: Պետության վախճանը գուժող մունետիկներ,  Հայաստանի ինքնիշխանությունը աճուրդի հանելու պատրաստ բիզնեսմեն-չարչի քաղաքական ուժեր, հեղափոխականի պատմուճանը հասած հաղթանակի օրերի լեզվանի տղերք, որ պարտությունի հետո ձկան պես լուռ էին: Ահա այդ մարդկանց ի՞նչ ունի ասելու երեւանցին:

Նպատակը Երեւանը չէ, նպատակը Հայաստանն է, Երեւանը թիրախն է եւ այդ թիրախն ընտրված է շեշտակի: Խփում են Երեւանի սրտին եւ անցնում են Հայաստանը տապալելու իրենց դավադիր ծրագրին:

Եվ ահա այստեղ հրապարակ է իջնում այդ քարոզարշավի ամենածանրակշիռ ու երկար քննարկված հարցադրումներից մեկը՝ քաղաքակա՞ն են այս ընտրությունները, թե քաղաքային: Պատասխանը միանշանակ է. Երեւանի քաղաքային ընտրությունները քաղաքական են, քան երբեւէ»,-հայտարարեց Կոնջորյանը:

Նա կոչ արեց երեւանցիներին ընտրել Տիգրան Ավինյանին, քանի որ սա ընտրություն է ինքնիշխանության, ազատության համար:

Նշենք, որ ՔՊ-ի երթը, որը սկիզբ էր առել Էրեբունի թանգարանի մոտից, երկու ժամ անց  հասավ Երեւանի քաղաքապետարանի մոտ, որտեղ մեկնարկել է ՔՊ-ի հանրահավաքը: Հանրահավաքին մասնակցում է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: