Խաղամոլության կտրուկ աճ՞, թե՝ փողերի լվացման նոր մեխանիզմ Հայաստանում. 5.8 տրիլիոն դրամի խաղադրույք՝ աղքատ Հայաստանում


Խաղամոլության կտրուկ աճ՞, թե՝ փողերի լվացման նոր մեխանիզմ Հայաստանում. 5.8 տրիլիոն դրամի խաղադրույք՝ աղքատ Հայաստանում
Սեպտեմբեր 12 17:35 2023

Հայաստանում խաղադրույքների ոլորտի շրջանառությունը 2023 թվականի 6 ամիսների ընթացքում աճել է 0,4 տոկոսով: Այդ մասին ԱԺ-ում՝ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը ներկայացնելիս ասաց ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանը: Նա նաև տեղեկացրեց, որ ոլորտը 2022 թվականին համաշխարհային միջինից մի քանի անգամ ավելի աճ է ցույց տվել՝ չնայած սահմանափակող միջոցներին:

Շահումով խաղերի ոլորտում կատարված խաղադրույքների առյուծի բաժինը վերջին տարիներին մշտապես կազմել են ինտերնետ շահումով խաղերը, այսինքն՝ առցանց կազինոները և սպորտային վիճակախաղերը։ Խաղադրույքների միայն 2 տոկոսն է արվում խաղատներում։ Վերջին տարիներին գրանցված բուքմեյքերական խաղադրույքների շարունակական աճն առավել պատկերավոր երևում է տարեկան ցուցանիշներով, որտեղ բացարձակ ռեկորդը , 2022 թվականին  գրանցված 5.8 տրիլիոն դրամի խաղադրույքն է: 2022-ի մարտին ընդունված օրենսդրական փոփոխություններով արգելվեց բոլոր տեսակի կազինոների, շահումով խաղերի և վիճակախաղերի գովազդը։ Օրենքն ուժի մեջ մտավ 2022-ի սեպտեմբերին։ 2022-ի հունիսից արգելվեց կանխիկ եղանակով տոտալիզատորների՝ վիճակախաղերի հաշիվներին գումար մուտքագրելը կամ ելքագրելը։ Սակայն, դա էլ չօգնեց և ինչպես տեսնում ենք Հայաստանում կատարված խաղադրույքների թիվը աճում է երկրաչափական պրոգրեսիայով:

Բնական է, որ այս պարագայում  ֆինանսական միջոցների արտահոսքի և փողերի լվացման հավանական առկայության ռիսկ կարող է լինել, քանի որ վիճակախաղերի և խաղադրույքների ոլորտի 4 խոշոր կազմակերպությունների գեներացված միջոցները 2023-ին 2018-ի համեմատությամբ հնգապատկվել են՝ կազմելով ՀՆԱ-ի (համախառն ներքին արդյունք) շուրջ 30 տոկոսից ավելին: Իսկ ինչպես՞ է տեղի ունենում վերը նշված փողերի լվացումը բույքմեյքերական ընկերությունների միջոցով: Հանցագործը միջնորդ է գտնում, ի դեմս բուքմեյքերական գրասենյակի, գումար է ներդնում այնտեղ, մի քանի խաղադրույք է կատարում, ապա հանում միջոցները։ Սակայն, որևէ մեկը չի կարող բացառել, որ «հանցագործի»  դերը չեն ստանձնի հենց իշխանությունները, որոնք էլ կեղտոտ փողերի լվացումը կփորձեն իրականացնել հենց վերը նշված սխեմաներով: Դա չի կարելի բացառել Հայաստանի դեպքում, այն պարզ պատճառով, որ գումարը որի մասին խոսք է գնում աստղաբաշխական է մեր երկրի նման փոքր երկրների համար և ինչպես ասում են՝ այստեղ մի բան ակնհայտորեն այն չէ , քանի որ Հայաստանում նոնսենս է նման չափի գումարների շարժը: Տարակուսելի է նաև, որ մինչ այս պահը պատկան կառույցները նման որևէ դեպք չեն հայտնաբերել, չնայած փողերի լվացման այս մեխանիզմը ամենատարածված մեխանիզմներից մեկն է աշխարհում: Ստացվում է, որ մի կողմից իշխանությունները ձևական պայքար են մղում խաղամոլության դեմ, մյուս կողմից կատարված խաղադրույքների թիվը Հայաստանում գնալով միայն աճում է, իսկ պատկան մարմինները իշխանության  «ձեռքը»  այդ հսկայական և անկառավարելի գումարային հոսքերի մեջ չեն տեսնում…

Հիշեցնենք, որ կատարված խաղադրույքների ծավալը 2017-ին կազմել է 138,5 մլրդ դրամ, 2018-ին՝ 333,6 մլրդ դրամ, 2019-ին հատել է տրիլիոնի շեմը եւ կազմել է 1,1 տրլն դրամ, 2020-ին՝ մոտ 2 տրլն դրամ, 2021-ին՝ 3,9 տրլն դրամ։ Հատկանշական է, որ 2022-ի 11 ամիսներին գրանցված 5,3 տրլն-ի մեջ ներառված չեն դեկտեմբերի տվյալները, հետեւապես՝ նաեւ Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի (որոնք անցկացվել են նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը ներառյալ) մեծ մասի ժամանակ արված խաղադրույքների ծավալը։ Այս թվում ներառված չեն նաեւ խաղատներում կատարված խաղադրույքները։