Ինժեներական աշխատանքներ կատարելիս զոհված 18-ամյա Արթուր Պողոսյանը Արարատի Նշավան գյուղից էր, 7 ամսվա ծառայող


Ինժեներական աշխատանքներ կատարելիս զոհված 18-ամյա Արթուր Պողոսյանը Արարատի Նշավան գյուղից էր, 7 ամսվա ծառայող
Սեպտեմբեր 3 13:45 2023

Նախօրեին ինժեներական աշխատանքներ կատարելիս զոհված  18-ամյա Արթուր Պողոսյանը Արարատի մարզի Նշավան գյուղից էր, 7 ամսվա զինծառայող: News.am-ի հետ զրույցում Արթուրի համադասարանցին պատմել է, որ Արթուրը տան ավագն էր, ունի իրենից փոքր եղբայր եւ քույր, հայրը ոստիկան է:

«Արթուրն էլ էր ցանկանում ոստիկանական ակադեմիա ընդունվել, բայց գործերը տալու համար զինծառայության գրքույկ էր պետք, ասում էր՝ գնամ, ծառայեմ, գամ, ընդունվեմ: Արթուրն այս տարի հունվարի 23-ին էր բանակ զորակոչվել, շատ գոհ էր ծառայությունից,  մտերիմ ընկերոջ հետ էր զորակոչվել: Երեկ էլ հետը խոսել ենք, գրում էր, որ մի քանի օրից տեղափոխվելու է ընկերոջ մոտ, շատ ուրախ էր»,- պատմել է համադասարանցին։  

Նա նշել է նաև, որ Արթուրը բոլորի սիրելին էր, դասարանի ուրախությունը. «Դասարանում ինքը մի կողմ, մնացածը՝ մի կողմ․ շատ զուսպ էր, դաստիարակված, բոլորն իրեն շատ էին սիրում»:

Հիշեցնենք՝ ՀՀ ՊՆ երեկ հաղորդեց, որ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ինժեներական աշխատանքներ (ճանապարհի կառուցման նպատակով պայթեցման աշխատանքներ) կատարելիս տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, մայոր Արման Ռուբիկի Բաբաջանյանը և զինծառայող Արթուր Հայկի Պողոսյանը: