ՔՊ-ական պաշտոնյաների կանանց և ամուսինների ստացած նվիրատվությունները


ՔՊ-ական պաշտոնյաների կանանց և ամուսինների ստացած նվիրատվությունները
Օգոստոս 31 17:18 2023

Նախկինում ընդդիմադիրները հաճախ էին քննադատում գործող իշխանություններին, հղում անելով վերջիններիս կանանց կամ ամուսինների կողմից ստացված նվիրատվություններին և ակնարկելով, որ այդտեղ կոռուպցիոն ռիսկ է առկա: Գաղտնիք չէ, որ նման տենդենց իսկապես առկա էր և շատ պաշտոնյաներ ստացած նվիրատվությունները պարզապես գրանցում էին իրենց կանանց կամ ամուսինների անուններով: Հեղափոխական իշխանությունների ներկայացուցիչների ընտանիքների անդամները նույնպես, կարծես թե, մեծ սիրով են նվիրատվություններ ընդունում:

 

 

 

ՄՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանի կինը՝ Հռիփսիմե Մուշեղյանը, ըստ ամուսնու հայտարարագրի, աշխատում է «Երեւանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ում՝ որպես իրավաբանական եւ կորպորատիվ հարցերի գծով ղեկավար։ Մուշեղյանը հայտարարագրել է 25 հազար դոլար, որը նվիրատվություն է Pernod Ricard S A-ի կողմից։ 

 

 

2023 թվականի հունվարի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արփինե Սարգսյանը նշանակվեց ներքին գործերի նախարարի տեղակալ։ Մինչ այդ Սարգսյանը զբաղեցնում էր արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը, որին նշանակվել էր 2022 թվականի հունվարի 21-ին։ Նրա ամուսինը՝ Արշակ Վարդապետյանը հայտարարագրել է 1 մլն 565 հազար դրամ աշխատավարձ արդարադատության նախարարությունից, 55 հազար դրամ ապահովագրական հատուցում՝ «Նաիրի ինշուրանսից» և 25 հազար ու 315 հազար դրամ նվիրատվություն։

 

Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանի կինը՝ Արմենուհի Ոսկանյանը, իբրև նվիրատվություն է հայտարարագրել համատեղ սեփականություն Առափի համայնքում:

 

Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանի կինը հայտարարագրել է 2018-ին որպես նվիրատվություն ստացված NISSAN մակնիշի ավտոմեքենա:

 

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի կինը՝ Աստղիկ Ղուկասյանը, հայտարարագրել է Անդրանիկ Ամիրխանյանից որպես նվիրատվություն ստացված 3,000,000.00 դրամը:

 

 

Կոտայքի մարզպետի տեղակալ  Վասակ Վարդանյանի կինը՝ Միքայելյան Սաթենիկը, հայտարարգրել է որպես նվիրատվություն ստացած գույքը Հրազդան քաղաքում, ինչպես նաև Մեխակ Միքայելյանից ստացված 30,050,000.00 դրամի բաժնային արժեթղթերը:

 

 

 

Պատգամավոր Գևորգ Պապոյանի կինը՝ Աննա Թորոսյանը, 700.00 դրամի նվիրատվություն է ստացել ոմն Արթուր Հովհաննիսյանից:

 

Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանի ամուսինը՝ Արթուր Մխիթարյանը, հայտարարագրել  է որպես նվիրատվություն ստացած բնակարանը Երևանի Շենգավիթ վարչական շրջանում: