Ֆրանսիայից Արցախին ուղարկված հումանիտար բեռներով մեքենաները շարժվեցին դեպի Կոռնիձորի անցակետ (տեսանյութ)


Ֆրանսիայից Արցախին ուղարկված հումանիտար բեռներով մեքենաները շարժվեցին դեպի Կոռնիձորի անցակետ (տեսանյութ)
Օգոստոս 30 08:52 2023



Ֆրանսիայի քաղաքներից Արցախին ուղարկված հումանիտար բեռներով բեռնված մեքենաները քիչ առաջ Երեւանի Հանրապետության հրապարակից շարժվեցին դեպի Կոռնիձորի անցակետ` այնտեղից Արցախ ուղևորվելու համար։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի և մի շարք խոշոր շրջանների կողմից Լեռնային Ղարաբաղի համար ուղարկված մարդասիրական բեռով բեռնատարների շարասյունն օգոստոսի 30-ին կլինի Լաչինի միջանցքի մուտքի մոտ, որտեղ այս պահին Լեռնային Ղարաբաղ մուտքին է սպասում նաև Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնության շարասյունը։ 

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը հայտնում է, որ օգոստոսի 30-ին Հայաստան է ժամանելու Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն, որը կուղեկցի Երևանից դեպի Լաչինի միջանցք ուղևորվող շարասյունը։

 

Հումանիտար օգնությունը հատկացրել են Փարիզ քաղաքը, Իլ դը Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպ, Օ դը Ֆրանս, Օքսիտանիա, Լուարի երկիր ռեգիոնները։